ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին խորհրդի ընտրություններում հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի՝ Հայաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Ադրբեջանի թեկնածությունները:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվել է խորհրդի անդամ։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների երկու երրորդի քվեն, այն է՝ 125 ձայն։

ՄԱԿ տնտեսական ու սոցիալական խորհրդին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառությունները և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, այն է՝ Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացումը, մարդկային կապիտալի զարգացումը, կանանց և երիտասարդների տնտեսական կարողությունների ամրապնդումը, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և միջին եկամուտ ունեցող երկրների առաջնայնությունների առաջ մղումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Տնտեսական և սոցիալական խորհուրդը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, հանդիսանում է ՄԱԿ-ի հիմնական մարմիններից մեկը։ Այն բաղկացած է ՄԱԿ անդամ 54 երկրներից և զբաղվում է կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարթությունների առաջմղման հարցերով։

 Ուշագրավ
---