Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում

Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը»,–գրել է նա։

Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ։

Ավելի վաղ Ավինյանը նշել էր, որ Կասկադի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում, և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին, կդրվեն հանրային քննարկման:

Երևանին է վերադարձվել Կասկադի վերին հատվածը, որը կազմում է 11.5 հա:

«Կասկադ» համալիրի տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Նախագծելով Կասկադը հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---