ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր

ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր

PanARMENIAN.Net - ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում հունիսի 11–ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35–ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ է Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանի Աջափնյակ թաղամասում սպանվել է «Չերյոմուշկի Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը։

Հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։ Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35–ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43–ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43–ամյա տղամարդը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «Land cruiser», «Toyota camry», «Opel astra» և «Toyota corolla» մակնիշների ավտոմեքենաներ: «Land cruiser» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «Opel astra» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:

Ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ միջոցառումներ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ոստիկանությանը տրվել են համապատասխան հանձնարարություններ։ Նախաքննության ընթացիկ արդյունքներից ելնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---