«Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ

«Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ

PanARMENIAN.Net - «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը վճռականորեն դատապարտել է հունիսի 12–ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ անդամահատվել են:

«Ոստիկանության փոխարեն Հայաստանում անթաքույց սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ: Այն գործում է վարչախմբի պարագլխի ապօրինի ցուցումներով և բացառապես նպատակ է հետապնդում ահաբեկելու և խոշտանգելու խաղաղ ցուցարարներին,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ծավալուն քննության առարկա պետք է դառնա, թե հատկապես ում հրամանով և ինչ պատճառաբանությամբ են հատուկ միջոցներ կիրառվել, և թե ինչու է դրանց կիրառումը նման ծանր հետևանքների հանգեցրել:

«Տասնյակ տեսանյութերն ու հարյուրավոր լուսանկարները վկայում են, որ ոստիկանական բանդաներն առանձնակի դաժանությամբ են բերման ենթարկել, ծեծել և հայհոյել ցուցարարներին, այդ թվում ոստիկանական մեքենաներում, քաղաքացիների, այդ թվում լրագրողների նկատմամբ թիրախային կերպով կիրառել են հատուկ միջոցներ:

Առանձնակի դատապարտում ենք մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանի հանդեպ անմարդկային խոշտանգումն ու պահանջում պարզել ու պատժել մեղավորներին:

Պահանջում ենք անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ: Հետամուտ ենք լինելու նրանց նույնականացմանն ու հանրային պարսավանքին:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման` որպես տեղում քաղաքացիների դեմ վայրագությունները ղեկավարած անձ: Նրա դեմ ևս անխուսափելիորեն պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: Ապօրինի հրաման կատարող ցանկացած ոստիկան իշխանազավթ վարչախմբի հանցակիցն է և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության:

Ի վերջո, ոստիկանական վայրագությունների քաղաքական պատասխանատու և ԱԺ ամբիոնից դրանք քաջալերող Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ենթարկվի արդարացի քրեաիրավական պատասխանատվության»,–ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---