Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին»

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին»

PanARMENIAN.Net - Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ «Այս պահից սկսած Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,–ասել է նա։

Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին»։ Այդ մասին ասել է ՌԴ–ում Բելառուսի դեսպանորդ–խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։

«Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին հանգիստ ենք վերաբերվում։ Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը կապված է բազմադարյա պատմական կապերով»,– գրել է նա Տելեգրամի ալիքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Շպակովսկին ասել է, որ Բելառուսը համագործակցել և համագործակցելու է «եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»:

Նա նշել է նաև, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքական ոլորտին»։

«Փոխադարձության սկզբունքով նմանատիպ մոտեցումներ ենք ակնկալում մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով ենք հետևել ՀՀ ղեկավարության ներկայացուցիչների շփումներին Բելառուսի քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ։

Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է և այս դեպքում կամ–կամ մոտեցումը մեզ համար անընդունելի է։ Մենք համագործակցել ենք և համագործակցելու ենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է դիվանագետը։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---