Սաղաթելյան. ՀՅԴ-ն թիրախավորված է՝ հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին

Սաղաթելյան. ՀՅԴ-ն թիրախավորված է՝ հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին

PanARMENIAN.Net - ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 13–ին համացանցում պարզ չէ, թե ում կողմից տարածված ինչ-որ ձայնագրության արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրգործ և հունիսի 14–ի առավոտից խուզարկություններ սկսել Դաշնակցության` Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում:

«Վայոց Ձորի մեր անդամներին՝ մոտ 10 հոգու, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում»,–ասել է Սաղաթելյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` իրենց պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, բայց անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար:

«Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»,-նշել է Սաղթելյանը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

«Վարույթի մասին ավելի ուշ անհրաժեշտ տեղեկատվություն կտրվի։ Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում»,–ասել է նա։

Ավելի վաղ խուզարկությունների մասին հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա նշել էր, որ ձերբակալվածների թվում նաև կանայք կան:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---