Բագրատ սրբազան․ Շարժումը վերաձևակերպում ենք, ինչից հետո այն ավելի մասշտաբային կդառնա

Բագրատ սրբազան․ Շարժումը վերաձևակերպում ենք, ինչից հետո այն ավելի մասշտաբային կդառնա

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերաձևակերպում է իր ձևաչափը, ու դրանից հետո այն կլինի ավելի մասշտաբային։ Այդ մասին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է «Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ։

Քննարկմանը մեկ հարկի տակ հավաքվել են Ռուսաստանի 50 համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ` քննարկելու երկրում ստեղծված բարդ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիներ գտնելու հարցը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և իր մնացած մի քանի հոգու վրա է։ Իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց պաշտոնները պահելու համար, իսկ իրավապահները զբաղված են նրանց գործողություններն արդարացնելով։ Հաշվի առնելով, թե ով է պայքարում մեր դեմ, մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժումը։ Սա իմ վերջին կոչն ու հրավերն է` միանալու ստի և իմիտացիայի դեմ մեր պայքարին»,– ասել է սրբազանը։

Նա շեշտել է, որ իր տեսակը հարմարվող չէ, ու շարժումն անպայման հասնելու է իր նպատակակետին, իր ծրագրի ամփոփմանը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---