Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները

Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Հայատանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները։

«Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ կերպով հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ պնդումներն այն մասին, որ ոստիկանությունը կարող էր կիրառած լիներ անհարկի կամ չափից դուրս ուժ», - հայտարարել է հեղինակավոր կառույցի՝ Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն, հայտնում է «Ազատությունը»։

Միջազգային հեղինակավոր կառույցն ընդգծել է, որ «իշխանությունների արձագանքը ցույցերին, նույնիսկ եթե դրանք վերածվում են բռնության, պետք է խստորեն համապատասխանի մարդու իրավունքների ոլորտում միջազգային օրենսդրությանը և չափանիշներին»։

«Ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ և համաչափ է իրավապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»,- հայտարարել է Amnesty International-ը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---