Իրանը և ՌԴ–ն քննարկել են հայ–ադրբեջանական խնդիրների լուծման համար գործակցելու հնարավորությունը

Իրանը և ՌԴ–ն քննարկել են հայ–ադրբեջանական խնդիրների լուծման համար գործակցելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու անհրաժեշտությունը և կոչ արել Թեհրանին և Մոսկվային համագործակցել կովկասյան տարածաշրջանում իրենց շահերին համապատասխան: Այդ մասին նա հայտարարել է Թեհրանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, հայտնում է «Ազատությունը» Mehr գործակալության վրա հղումով։

Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային անվտանգության և շահերի ոլորտ և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

«Կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների կարևորությունն ու զգայունությունը, հատկապես արտաքին ուժերի միջամտության աճի միտումը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև», - ասել է Բաղերի Քանին՝ հավելելով, որ պետք է առավելագույնի հասցնել տարածաշրջանային «3+3» ձևաչափի գործունեությունը։

Ռուսաստանի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---