Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման

Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տնային կալանքի ժամկետը սպառվել է։

Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Նախկին նախարարը վստահություն է հայտնել, որ կհասնի արդարացման

«Ինչպես որոշ բարեկամներ հասցրեցին կանխատեսել մինչև իմ մեկուսանալը, ես դուրս եմ գալիս այս փորձությունից ավելի ուժեղ, ավելի տոկուն ու նոր գիտելիքներով հարստացած։ Կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, շուտով կավարտեմ։ Ընթերցեցի և վերընթերցեցի մի քանի այլ գեղարվեստական և մասնագիտական գրքեր։ Յուրացրեցի Սթենֆորդի Համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, կլանեցի արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ և զբաղվեցի դրանց կիրառմամբ։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեռք բերեցի նոր մասնագիտություն։ Խորասուզվեցի նաև հոգեբանության մեջ, կարդացի որոշ գրքեր այդ ոլորտից, ուժեղացրի իմ այդ թևը ևս, ինչը համարում էի իմ համեմատաբար թույլ կողմերից մեկը։ Ակամա, մանրամասն ուսումնասիրեցի նաև քրեական օրենսդրությունը և ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքը։

Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Առանձնակի ցավով ուզում եմ նշել Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի մասին, ում անձնվեր ու սրտացավ աշխատանքն արժանացավ նման «երախտագիտության» այն Կառավարության կողմից, որտեղ աշխատելու համար նա փութացել էր Հայաստան 44-օրյա պատերազմի թոհուբոհի ընթացքում։ Ես ուզում եմ իմ շնորհակությունն ու երախտիքը հայտնել Անիին, և հուսալ, որ մի օր Հայաստանը կսովորի ըստ արժանվույն գնահատել իր որդիներին և դստրերին, ովքեր, հայրենասիրությունից մղված, աշխարհի տարբեր ծայրերից միանում են՝ ուժեղացնելու իրենց երկիրը։

Ես, իհարկե կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, ում իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ Իմ առաջնորդության ընթացքում ես միշտ քաջալերել եմ աշխատել ազնիվ, հայրենանվեր և համարձակ, և նման աշխատանքը պետք է արժանանա միայն երախտիքի»,-ասվում է գրառման մեջ։

Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Ավելի ուշ փաստաբանական թիմը հայտարարեց, որ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և այլևս նշված՝ «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Ավելի վաղ, գործով անցնող 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, որոնցից մեկն արդարացվեց, մյուս 5-ը պատասխանատվությունից ազատվեցին գործուն զղջալու հիմքով։

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---