ԱԳՆ. Բաքվի արձագանքը ՀՀ–Ֆրանսիա գործակցությանը հիմնավորում է վերլուծությունները, թե նա ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար

ԱԳՆ. Բաքվի արձագանքը ՀՀ–Ֆրանսիա գործակցությանը հիմնավորում է վերլուծությունները, թե նա ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Նշվում է, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Նշվում է նաև, որ Բաքվի արձագանքը ՀՀ–Ֆրանսիա գործակցությանը հիմնավորում է այն վերլուծությունները, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի COP29-ից հետո ՀՀ դեմ նոր ագրեսիա սկսելու համար։

«ՀՀ–ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,–ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Բաքվին նյարդայնացրել է Հայաստանին ֆրանսիական CAESAR-ների վաճառքը և ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրերի կնքումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն է հայտնել առ այն, որ Ֆրանսիան «մահաբեր և հարձակողական սպառազինություն» է վաճառում Հայաստանին։

«Հայտարարում ենք, որ տարածաշրջանում հնարավոր ցանկացած սրացման պատասխանատվությունը և նոր պատերազմի օջախի ստեղծումը կրելու են Հայաստանի ղեկավարությունն ու Մակրոնի բռնապետությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---