Ֆրանսիայի մոտ 100 հայտնի գործիչ դիմել է Մակրոնին՝ հորդորելով զորք ուղարկել ՀՀ

Ֆրանսիայի մոտ 100 հայտնի գործիչ դիմել է Մակրոնին՝ հորդորելով զորք ուղարկել ՀՀ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մոտ 100 հայտնի գործիչ դիմել է նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով զորք ուղարկել Հայաստան, որին սպառնում է Ադրբեջանը, գրում է Le Point-ը։

Նամակը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Իլդը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը,այլ հայտնի գործիչներ, այդ թվում նաև գրողներ, գիտնականներ, դերասաններ։

Նամակի հեղինակներն ընդգծել են Հայաստանի անվտանգության ապահովման և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։ Հավանություն տալով պաշտպանական ծրագրերում Հայաստանին աջակցելու, այդ թվում սպառազինության մատակարարման և հայ զինվորականների վերապատրաստման ծրագրերին՝ նրանք միևնույն ժամանակ նշել են, որ դա կարող է բավարար չլինել ստիպելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին հրաժավրել իր «հանցավոր պլաններից»։

«Ադրբեջանը, ռազմական առավելություն ունենալով նավթից ու գազից ստացված եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ, ռազմական էսկալացիայի կարող է գնալ, առավել ևս, որ հայ բնակչության էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում «հաջող» եղավ իր համար, իսկ Հայաստանի միտվածությունը ժողովրդավարությանը մեկուսացրել է նրան՝ հակասություններ առաջացնելով իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ։ Դա Հայաստանի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում 1915թ․ ցեղասպանությունից 100 տարի անց»,- ասվում է հայտարարության մեջ։

«Ամենավատ սցենարից խուսափելու համար» նամակի հեղինակները կոչ են անում Հայաստանի կողքին կանգնելու օրինակ ցույց տալ՝ պոտենցիալ ագրեսորների հավակնությունները կանխելու համար և զորք ուղարկել «եղբայրական երկիր»։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը, բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի նաև մեր երկրի դիմակայումը տոտալիտար սպառնալիքներին»,- ասվում է նամակում։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---