Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է

Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 21–ին կայանալիք ասուլիսը չեղարկվել է։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ որպես պատճառ նշելով տեխնիկական խնդիրները։

Նա նաև հավելել է, որ «իր ուղուց չի շեղվելու»։

«Իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ:

Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնել եմ Կիրանց և Ոսկեպար: Ես իմ ուղուց չեմ շեղվելու»,- ասվում է գրառման մեջ։

Հունիսի 19–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասել էր, որ շարժումը հարցեր ունի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, որն առեղծվածային կերպով մոտ 1 օր անհետացել էր և ոչ ոք նրա մասին տեղեկություն չուներ։ Սրբազանն ընդգծել է, որ վերջնական խոսակցությունից հետո կորոշեն` Պետրոսյանի հետ միասին են ճանապարհն անցնում, թե ոչ։ Սրբազանը շեշտել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է կարողանա հաստատել, որ նա առևանգվել է, ու դրան համապատասխան գործընթացներ կսկսվեն։

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկանության և շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո Սուրեն Պետրոսյանի տեղն անհայտ էր։ Նա շուրջ 1 օր անց էր կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նրան առևանգել են, ԱԱԾ–ում է եղել և նրա հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչը անձամբ Պետրոսյանը հերքեց։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---