Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք

Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վճռել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աղջկանից՝ Ռոզա Ծառուկյանից և փեսայից՝ Աբովյանի նախկին համայնքապետ Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք և բաժնեմասեր։ Այդ մասին ասվում է Դատական իշխանության կայքում։

Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ մոտ երկու տարի քննել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից ներկայացված հայցադիմումը։

Նշվում է, որ Գուլոյան ընտանիքից պետականացման է ենթակա մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում, 2 ընկերությունում՝ «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում և «Էլեկտրոմոնտաժ» ԲԲԸ-ում ունեցած բաժնետոմսերը, 1 մլրդ 638 մլն 557 հազար դրամ բարեխիղճ ձեռք բերողին փոխանցված գումար և 58 մլն 120 հազար ապօրինի եկամտի մնացորդ:

Կարապետ Գուլոյանն անցնում է նաև քրեական գործով, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր սկսվել 2023–ի սեպտեմբերին։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների հետևանքով համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

«Պարզվել է, որ 2008-2015 թթ Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին` խախտել է մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել օտարման ոչ ենթակա հողատարածքներ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---