«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին

«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին

PanARMENIAN.Net - 21-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրանը» Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին, ասվում է փառատոնի ֆեյսբուքյան հրապարակիման մեջ։

Հուլիսի 10-ին, 21:30-ին Կինոյի տան մեծ էկրանին տեղի կունենա Ջաֆար Փանահիի «Խաղից դուրս» ֆիլմի (Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ») ցուցադրությունը, որին բանտարկությունների և տնային կալանքների 15 տարիներից հետո ներկա կլինի ինքը վարպետը։

Ֆիլմը կներկայացնի կինոքննադատ Անտոն Դոլինը, ով հեղինակել է Փանահիի արվեստի մասին «Անհնազանդության ակտ» գիրքը։

Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առայսօր։

Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազին», թե Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծին», թե Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջին», թե անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկին»՝ լավագույն դեբյուտի համար։

Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել անգամ, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել, և այս ազատատենչ աշխարհայացքն ակներև է նաև նրա ֆիլմերի ինչպես թեմաներում, այնպես էլ հատկապես սահմաններ չճանաչող ոճային բացառիկ նորարարական լուծումներում։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---