ԱԺ ընդդիմությունը կպահանջի հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

ԱԺ ընդդիմությունը կպահանջի հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները պահանջելու են հունիսի 12–ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել: Այդ մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանի հրավիրած հավաքի ժամանակ։

«Կարծում եմ՝ չկա մի հայ, որի համար Մարտի 1–ը սև օր չէ, այդ օրը և հունիսի 12–ին տեղի ունեցածը մի նմանություն ունեն. երկու դեպքում էլ զոհերի, մարդկային վնասների, առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է 2008 թվականին որպես ցուցարար, իսկ 2024 թվականին որպես ՀՀ վարչապետ»,– հայտարարել է Մամիջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանական մեծամասնության` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հավանությունը։ ԱԺ–ում մինչ այս արդեն իսկ գործել են «Մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող» (ստեղծվել է 2008 թ.) և «2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» (ստեղծվել է 2022 թ.) ստեղծված ժամանակավոր հանձնաժողովները։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---