31 օգոստոսի 2024 - 12:22 AMT
Հորդ անձրևից հետո Երևանում հեղեղումներ են եղել, հեղեղվել է նաև Մաշտոցի պողոտայի գետնանցումը

Oգոստոսի լույս 31-ի գիշերը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով տեղի են ունեցել ջրալցումներ: Հեղեղվել է նաև Մաշտոցի պողոտայի գետնանցումը, ներսի խանութները հայտնվել են ջրի մեջ։

ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ.լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։

Երևանում 40 դեպք է գրանցվել, այդ թվում՝ տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։

Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։

Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։

Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։

Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Աշխատանքներին ներգրավված են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Զոհեր և տուժածներ չկան։