Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող գերիներին և պատանդներին։ Նա նշել է, որ այդ հարցն իրեն շատ է մտահոգում և ամենօրյա աշխատանք է տարվում նրանց ազատելու ուղղությամբ, որը, գուցե, չի երևում, ինչն այդ աշխատանքի առանձնահատկություններից է։
Լրագրողը հարցրել է, թե ինչից է վարչապետը վախենում կամ զգուշանում, որ չի բարձրաձայնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների վերադարձի անհրաժեշտության հարցը՝ դարձնելով այն միջազգային օրակարգի մաս։
Փաշինյանը հիշեցրել է 2023–ի դեկտեմբերին 32 գերեվարված անձանց վերադարձի մասին՝ նշելով, որ դրանից առաջ էլ ասվել է, որ կատարվում է ամենօրյա աշխատանք:
Նա նաև ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է գերիների վերադարձին։
Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 8–րդ կետով արձանագրված է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
«Եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը, պետք է գնանք, սկսենք առաջին հոդվածից կարդալ, տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ ու չի իրականացրել»,–ասել է Փաշինյանը:
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։