26 սեպտեմբերի 2024 - 10:28 AMT
Միրզոյանը՝ Նյու Յորքում․ ԼՂ-ում էթնիկ զտումից հետո հայկական հազարամյա մշակութային ժառանգությունը վերացման եզրին է

ԱԳ նախարար Արարատ Միզոյանը Նյու Յորքում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է:

Նա նաև նշել է, որ Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկմանը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:

«Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում ենԱրդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում»,–նշել է Միրզոյանը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն առաջարկում է դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը՝ միջազգային հարթակներում նրա տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար։ Լսելի դարձնելով ֆորումի և նրա անդամ երկրների ձայնը, մենք կարող ենք հասնել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցության՝ առաջ մղելու մեր ընդհանուր նպատակները:

«Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը: Այս նշանակալից հանգրվանը հնարավորություն է տալիս վերահաստատելու մեր հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք առաջնորդում են մեր գործողությունները հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը սույն Կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը»,–ասել է նախարարը։

Միրզոյանը ֆորումի բոլոր մասնակիցներին հրավիրել է Հայաստան` դեկտեմբերի 18-ին մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը։

Հայաստանը, համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այս տարի՝ հոկտեմբերի 28-29-ին, Երևանում անցկացնելու է փորձագիտական հանդիպում։ Հանդիպումը կենտրոնանալու է նոր և զարգացող տեխնոլոգիաների ներուժի վրա՝ դիմակայելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա բարդ մարտահրավերներին։