Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Ազգային ժողովում հնչած այն հայտարարությանը, որ Կիրանցում անասուններն անցել են սահմանը՝ նշելով, որ դա «շատ զարմանալի է»։
Ավելի վաղ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել էր, որ Կիրանցում կովերն անցել են սահմանը։
«Լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ։ Դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ կահավորված չէ»,–ասել է նա:
Անդրադառնալով հարցին՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ասել է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել մինչև փշալարը տեղադրելը, ինչպես նաև տեղեկացրել է, որ սահմանի կահավորման աշխատանքները դեռ չեն ավարտվել։
«Կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել։ Իսկ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարերի տեղադրումը: Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,–ասել է նա։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին ասել է, որ եղել է մի քանի նման դեպք, բայց խնդիրը լուծվել է՝ բոլոր անասունները վերադարձվել են։
Փաշինյանը հավելել է, որ չսահմանազատված հատվածներում կարող է նման բան լինել, նախկինում էլ եղել է, նույնիսկ կենդանիներն անցել, ականների վրա պայթել են, բայց սահմանազատված հատվածներում «դա բացառվում է»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սահմանագծումից հետո Տավուշի մարզի Կիրանց համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության հարցը շարունակում է չլուծված մնալ։
Գյուղին է պատկանում ջրամբարի ափին գտնվող մոտ 60 հա հողատարածք (որից մշակվում է մոտ 45 հեկտարը): Այդ տարածքը գյուղացիներն առաջարկում էին փոխանակել Բաքվին հանձնվող կամրջի և գյուղին ամենամոտ տարածքի հետ, սակայն նրանց առաջարկը չընդունվեց։ Այդ պահին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները տարածքի փոխանակման իրավունք պաշտոնապես չունեին։