Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների հայտարարած գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։
«Թող քննություն տարվի և պարզվի՝ մենք գործ ունենք պարզապես աշխատանքային գործառույթների չկատարմա՞ն հետ, ինչը որոշակի ծանր հետևանքներ է առաջացնում, թե առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը։ Կարծում եմ, պետք է պարզվի՝ արդյոք այստեղ հատվել է նաև քրեական օրենսդրության սահմանը»,- նշել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«18 վարորդի աշխատանքից ազատելու հարցով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենությունն է զբաղվում, վարորդներն էլ կարող են սահմանված ժամկետում դա բողոքարկել, անհամաձայնություն հայտնել, գուցե լրագրողներին հարցազրույց տալ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ բոլորը գիտեն, որ հանրային տրանսպորտի ոլորտում առկա էր և որոշակի առումով դեռ առկա է ստվերային շրջանառություն, որի դեմ պայքարը հայտարարել են, որ լինելու է անզիջում, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ նոյեմբերի մեկից, երբ հայտարարվեց, որ վարորդներին գումար չպետք է տալ, գումարի կտրուկ աճ գրանցվեց։
«Եթե մինչ նոյեմբերի 1-ի որոշումը հավաքագրվում էր աշխատանքային օրերին միջինում 30-31 մլն, հիմա հասել ենք 35 մլն նշաձողին, իսկ շաբաթ և կիրակի օրերին նախորդ 18-ի փոխարեն հավաքագրում ենք 23 մլն, 13-ի փոխարեն՝ 18 մլն։ Պետք է բաց ասել, որ այդ գումարի աճը պայմանավորված չի նրանով, որ ավելի շատ մարդիկ է նստում։ Ուղղակի այդ գումարն առաջ գնում էր տարբեր գրպաններ, այդ թվում՝ վարորդների, չեմ ասում՝ բոլորի, բարեխիղճ վարորդներ կան։ Ցավոք, ունենք վարորդներ, որոնք ստվերային շրջանառության անմիջական մաս են դարձել»,-ասել է նա։
Գործադուլի դուրս եկած վարորդներին աշխատանքից ազատելու մասին իրազեկել են WhatsApp հավելվածի միջոցով։ Այս մասին վարորդները պատմել են լրագրողներին ու ցույց տվել ցուցակները։ Ցուցակներում ազատված վարորդների թիվը գերազանցում է երկու տասնյակը, հայտնում է Panorama. am-ը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլին, նշել է, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն: