ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ադրբեջանական ապատեղեկությունը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ադրբեջանական ապատեղեկությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մինչ օրս հայկական կողմում անսովոր տեղաշարժեր չի նկատել։ Այդ մասին ասել են ԵՄ հայաստանյան առաքելության գրասենյակից՝ պատասխանել «Լուրերի» հարցին՝ նախորդ օրերին ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված, թե, իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում:

Առաքելության գրասենյակից նաև հայտնել են, որ դիտորդները պարեկության ընթացքում ադրբեջանական կողմում ևս որևէ անսովոր տեղաշարժ չեն արձանագրել: ԵՄ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ պարեկությունների ընթացքում սահմանային իրավիճակը հանգիստ է եղել:

Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն՝ 2 տարի ժամկետով։ Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է:

 Ուշագրավ
---