8 հունվարի 2025 - 10:33 AMT
Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ ՄԽ լուծարման խաղաղության պայմանագիրն անհնար է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ ՄԽ լուծարման «խաղաղության պայմանագիրն անհնար է»։ Նա այդ մասին հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցում, որը լի էր սպառնալիքներով և հոխորտանքներով ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։

«Հուսով եմ, որ մեր բոլոր պայմանները խաղաղության պայմանագրի վերաբերյալ նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում ոչ մի արտառոց բան չկա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, սահմանադրության փոփոխություն՝ առանց դրա խաղաղության պայմանագիրն անհնար է»,–ասել է նա, հայտնում է APA-ն։

Նա ևս մեկ պայման է առաջ քաշել՝ նշելով, թե Ֆրանսիան և մյուս երկրները պետք է խզեն ՀՀ–ին զենքի մատակարարման պայմանագրերը, իսկ արդեն առաքված զենքը «պետք է հետ վերադարձվի»։

Նա հավելել է, որ Ադրբեջանն առանց խաղաղության պայմանագրի էլ կարող է ապրել և իր քաղաքականությունը վարել։

«Եթե Հայաստանին պետք չէ խաղաղության պայմանագիր, ապա այն պետք չէ նաև մեզ։ Մենք առանց դրա ստորագրման էլ կարող ենք ապրել ու վարել մեր քաղաքականությունը»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։

Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։