Հրապարակվել է արտոնություն ունեցող անձանց տրանսպորտի նոր սակագներից օգտվելու կարգը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, նոյեմբերին հայտարարեցին, որ դարձել է 7 օր, տարեվերջին կրկին կրճատելով։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տրանսպորտի թանկացման հարցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է պատասխան։