Պուտինն ու Փեզեշքիանը ռազմավարական գործընկերության պայմանագիրը կկնքեն

Պուտինն ու Փեզեշքիանը  ռազմավարական գործընկերության պայմանագիրը կկնքեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Պեզեշքիանը հունվարի 17-ին հանդիպելու են Կրեմլում՝ հանդիպման ավարտին կստորագրվի ռազմավարական գործընկերության պայմանագիր։

Նախատեսվող պայմանագիրը կխորացնի երկու երկրների գործընկերային կապերը՝ ստեղծելով երկարաժամկետ իրավական հիմքեր համագործակցության համար։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը ընդգրկում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկա, պաշտպանության համակարգ, ֆինանսներ, գիտություն, տեխնոլոգիաներ և մշակույթ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպման օրակարգը ներառում է միջազգային ու տարածաշրջանային կարևոր թեմաներ՝ Մերձավոր Արևելքի իրավիճակը, Սիրիայում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում զարգացումները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները։

Կքննարկվեն նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, մարդասիրական կապերի զարգացման հեռանկարները։

Ներկայիս համագործակցությունը կառուցված է 2001թ․ պայմանագրի վրա, որը պարբերաբար երկարացվել է։ Նոր պայմանագիրը նախատեսված է 20 տարվա համար՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցության ոլորտները։

«Ռուսաստանի և Իրանի միջև սերտ համագործակցությունը հիմնված է բազմաբևեռ արդար աշխարհի ընդհանուր մոտեցումների վրա»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ ընդգծելով, որ պայմանագիրը չի ուղղված այլ երկրների դեմ։

Ռուս-իրանական համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Առևտրաշրջանառությունը 2024թ․ առաջին 10 ամիսներին աճել է 15.5%-ով՝ հասնելով $3.77 մլրդ-ի։ Հիմնական հաշվարկները կատարվում են ազգային արժույթներով։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---