Հայաստանն ու Սերբիան մտադիր են զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հուլիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների նախարար Սլոբոդան Միլոսավլեվիչին` Սերբիայի նախագահի խորհրդական Բիզերկա Եվտիմիեվիչ-Դրինյակովիչի եւ Հունաստանում Սերբիայի դեսպանության առաջին խորհրդական Դրագան Պետրովիչի ուղեկցությամբ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Նախարարների միջեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, կարեւորվել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության, դեղագործության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:



Ն. Երիցյանը եւ Ս. Միլոսավլեվիչը նաեւ կարծիքներ են փոխանակել համատեղ ծրագրերի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ: Երկու երկրների նախարարներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը` աջակցել Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ձեւավորվող առեւտրատնտեսական հարաբերությունները խթանող ցանկացած նախաձեռնությանը:



«Հայաստանի եւ Սերբիայի ժողովուրդները ծանոթ չեն միմյանց մշակույթին, ազգային ավանդույթներին, առեւտրային եւ գործարար հնարավորություններին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրություններ կատարել եւ արդյունավետ փոխգործակցության համար լայն հնարավորություններ ստեղծել», - ասել է Սերբիայի առեւտրի եւ ծառայությունների նախարարը:



ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կարեւորել է հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը եւ առաջարկել զբոսաշրջային օպերատորների, լրագրողների եւ գործարարների փոխայցելություններ կազմակերպել` համագործակցության հնարավորությունները տեղում ուսումնասիրելու համար:



Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում գործարար համաժողով կազմակերպելու հարցը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---