Ղարաբաղյան հիմնախնդիրն այն հարցը չէ, որտեղ մանր շահարկումներն անընդունելի են

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլում Հայաստանի առաջնային խնդիրներն են` ապահովել ԼՂՀ անվտանգությունը բանակցությունների գործընթացում եւ հասնել միջազգային հանրության ճիշտ ընկալմանը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ: Այդ մասին, ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի եւ արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ու ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի բացմանը, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ մեր բանակցությունները ընթանում են տեսանելի եւ միանգամայն հասկանալի տրամաբանության շրջանակներում: Գիտեք, որ մենք արդեն ունեցել ենք վեց հանդիպում Ադրբեջանի Նախագահի հետ: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրվել է Մայնդորֆյան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, եւ համանախագահները հանրայնացրել են մադրիդյան սկզբունքների հիմնական ուրվագիծը: Ձեզ համար հրապարակվածի մեջ, վստահ եմ, նորություն չկար, բայց հանրությունն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերված եւ լսում պաշտոնական աղբյուրներիից: Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ դրանցում չկար որեւէ կետ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրած չլինեինք մեր հանրությանը: Այդ փաստաթղթի հրապարակումը վկայեց, որ մենք երբեք չենք ստել եւ սեփական ժողովրդին մոլորության մեջ չենք գցել իրականում բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ: Հասկանալի է, որ հրապարակվածի մեջկայինկետեր, որոնքտարբերվում են, որոշ պարագաներում սկզբունքորեն, մեր պատկերացրած իդեալական լուծումից: Բայց փաստ է նաեւ, որ բոլոր ներգրավված դերակատարներն արդեն քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտանգության երաշխավորման խնդիրները առանցքային են»,- հայտնել է ՀՀ ղեկավարը:



Սերժ Սարգսյանը նշել է, որ շատլավհասկանում է Հայաստանում եւ Արցախում որոշ շրջանակների կողմից դրսեւորվող անհանգստության արմատները: «Արցախի հիմնահարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կյանքն են դրել հազարավոր մեր հայրենակիցներ, որի համար մենք կրել ենք եւ շարունակում ենք կրել դժվարություններ, սակայն այն նաեւ մեր պատմության ամենահպարտալի էջերից է: Համոզված եմ` յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության եւ ապագա սերունդների առջեւ: Ցանկացած այլկարծիք կա՛մ անտեղյակության արդյունք է, կա՛մ մանր սպեկուլյացիա: Իսկ արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպեկուլյացիաները: Կարեւոր է, որ Դուք էլ բացատրեք բոլորին, առաջին հերթին` ձեր հավատարմագրման երկրների պաշտոնյաներին, որ խնդրի կարգավորումն օրերի, շաբաթների եւ ամիսների հարց չէ: Բոլորը պետք է հստակ պատկերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամենը կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Նույնիսկ դրանց շուրջ համաձայնության գալու դեպքում բաց են մնում բազմաթիվ այլ սկզբունքներ, իսկ այնուհետեւ` բուն համաձայնագիրը, որով պետք է կարգավորվեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է»,- նշել է երկրի նախագահը:



«Մեր առաջնահերթ խնդիրներնեն այսփուլում` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում եւ հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդն եղել է գոյատեւման եւ ազատության համար պայքարող ժողովրդի դերում, եւ որեւէ մեկը իրավունք չունի ապրելու իր իրավունքը արյամբ պաշտպանած Արցախին «ագրեսոր» անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ եւ համոզիչ: Հատկապես ուզում եմ այս խնդրին հրավիրել Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը ղարաբաղյան հակամարտության շուրջ այդ կազմակերպությունում ընդունված եւ ընդունվող բանաձեւերի բացասական ազդեցությունը չեզոքացնելու հարցում»,- նկատել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---