15 սեպտեմբերի 2009 - 19:56 AMT
Լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնի կողմից 2007-2009թթ. ընթացքում կազմվել եւ տպագրության է պատրաստվել ԼՂՀ ատլասը` հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որը վերջերս տպագրվել է ք. Երեւանի «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:
Ատլասը պատմա-աշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզները, տեքստերը եւ սխեմաները ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության եւ մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում: Ատլասում ներկայացված են նաեւ աշխարհա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ:
Ատլասը լույս է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: