ՀԲ կառավարիչ-տնօրենը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլան հոկտեմբերի 17-21-ը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, ասվում է ՀԲ երեւանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Նրա այցի նպատակն է քննարկել համապատասխան կառավարությունների, զարգացման գծով գործընկերների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հարավային Կովկասում եւ գտնել ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ կայուն տնտեսական աճ ապահովելու ուղիներ: Համաշխարհային բանկն ակտիվորեն օժանդակում է այս երկրներին նրանց առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում:



«Ճգնաժամը ստիպել է մեզ հասկանալ մի բան` մեր փոխադարձ կախվածությունը: Այս փոխկախվածությունն էլ հնարավոր է դարձրել ճգնաժամի համաշխարհային տարածումը, սակայն այն նաեւ ներդրումների եւ աճի հզոր աղբյուր է: Կառավարությունների, զարգացման գծով մեր գործընկերների եւ քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատելով` բանկն աջակցում է Հարավային Կովկասի եւ մյուս երկրների ժողովուրդների կյանքի բարելավմանը: Միասին մենք կարող ենք օգնել երկրներին ճգնաժամի ազդեցության թեթեւացման հարցում եւ հնարավորություն տալ սկսելու տնտեսական աճի, զարգացման եւ սոցիալական առաջընթացի նոր ճանապարհ»,- ասում է տիկին Օկոնջա-Իվիլան:



Բոլոր երեք երկրներում տիկին Օկոնջա-Իվիլան հանդիպումներ կունենա պետության եւ կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, կայցելի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրեր: Նա կայցելի ՄԶԸ արագ ընթացակարգերով ծրագրերը Հայաստանում եւ կհանդիպի շահառուների հետ:



Համաշխարհային բանկը վերջերս սկսել է Երկրների գործընկերության ռազմավարության (ԵԳՌ) ծրագրեր Հայաստանում (2009-ի հունիսին) եւ Վրաստանում (2009-ի սեպտեմբերին): Ներկայումս նման ծրագիր է նախապատրաստում Ադրբեջանում: Հայաստանում այդ ռազմավարությամբ նախատեսվում է աջակցել երկրին` աճը վերականգնելու եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքներն աղքատների համար կրճատելու նպատակով: Այն նաեւ նպատակ ունի օգնելու Հայաստանին առավել մրցակցային տնտեսության հիմքեր դնելու` հետճգնաժամային արագ զարգացման փուլի համար: Հայաստանին հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար 54 ծրագրերի համար: Վրաստանում երկու ճգնաժամերից` 2008 թ. օգոստոսի հակամարտությունից եւ դրան հաջորդած համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո կազմված ԵԳՌ-ի կենտրոնում են հրատապ հետկոնֆլիկտային եւ խոցելիության հարցերը, ապագայում մրցակցության եւ աճի հիմքերի ամրապնդումը: Վրաստանին ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար 46 ծրագրերի համար: Ադրբեջանի համար նախատեսվող նոր ԵԳՌ-ում (որի արժեքը 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար է) հաշվի կառնվեն ընթացիկ ծրագրերի արդյունքներն ու նվաճումները: Նոր ծրագիրը կկազմվի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության միջոցով եւ ուղղված կլինի երկրի կարճաժամկետ ու երկարաժամկետ գերակայությունների բավարարմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---