ԼՂՀ ԱԳՆ. Berliner Zeitung-ը թերթի ընթերցողներին խեղաթյուրված հոդված է ներկայացրել Ղարաբաղի մասին

PanARMENIAN.Net - «Գերմանական Berliner Zeitung թերթի լրագրողը, անձամբ լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ցանկության դեպքում անգամ չէր կարող չնկատել, թե անհավասար գոտեմարտում ահավոր զրկանքներ, ավերածություններ ու ցավ տեսած ժողովուրդն ինչպես է կարողացել իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, հերոսաբար հաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառույցները, իրականացրել արմատական բարեփոխումներ եւ կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն:



Երկրորդ աշխարհամարտից հետո, տասնյակ տարիներ գերմանացիները երազել են միասնական պետության մասին, ապրել այդ գաղափարով: Չենք կարծում, թե գերմանական ժողովրդի այս ձգտումը մեկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնվել:



Ուղիղ քսան տարի առաջ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գերտերությունների կամոք փլուզվեց Բեռլինի սահմանազատիչ պատը եւ գերմանական ժողովուրդը ոչ միայն միավորվեց, այլեւ ձեռք բերեց լիարժեք անկախություն, որի համար սրտանց ողջունում ենք հին աշխարհի այս ինքնատիպ ու տաղանդավոր ժողովրդին:



Լեռնային Ղարաբաղում անկախությունը նվաճեցին առաջին հերթին չեզոքացնելով ադրբեջանական ագրեսիան, պաշտպանելով երեխաների, կանանց ու ծերերի կյանքը: Այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրավունքը: Ասել է թե` անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը սկուտեղի վրա ինչ որ մեկը չի մատուցել Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե այսօր մեր հանրապետության բնակչությունը կազմում է ընդամենը 140 հազար, ապա դա նույնպես Խորհրդային Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից է, այլապես այսօր ավելի քան մեկուկես միլիոն ղարաբաղցի հայեր եւ նրանց հետնորդները այլ պետությունների քաղաքացիներ չէին հանդիսանա: Այնպես որ, ինչպես գերմանացիները ոչ վաղ անցյալում, այսօր մենք նույնպես ձգտում ենք ինքնիշխանության:



Արդեն քսան տարի է, ինչ գերմանացիները Բեռլինի երբեմնի սահմանազատիչ պատի քարերն ու բեկորներն են փայփայում որպես սուրբ նշխարներ: Միանգամայն այլ է իրողությունը Լեռնային Ղարաբաղում: Այստեղ սրբություն են դարձել հանուն անկախության, հանուն ազատ ապրելու իրավունքի ղարաբաղյան պատերազմում նահատակված զինվորների մարմարե հուշաքարերը: Ձեր թերթի թղթակիցը ոչ մի կերպ չէր կարող չնկատել դա:



Ափսոսանքով ենք նշում, որ լրագրող Թոբիաս Ասմութը, հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով, թերթի ընթերցողներին է ներկայացրել մակերեսային ու աղճատված մի հոդված` առանց խորամուխ լինելու ղարաբաղյան խնդրի դրդապատճառների ու էության մեջ: Այնպես որ, հեղինակը առանց մի առանձին դժվարության նման բազմաթիվ հոդվածներ կարող էր շարադրել իր կացարանում` օգտվելով տարատեսակ կայքէջերից: Եթե Berliner Zeitung-ըիհամար խոսքի ու մամուլի ազատությունը հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն` դա արդեն միանգամայն այլ խնդիր է»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության բաց նամակում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---