14 նոյեմբերի 2009 - 18:29 AMT
Հայկական լրատվամիջոցները հայելու պես են արտացոլում երկրում առկա իրադրությունը
Զանգվածային լրատվամիջոցները երկրում առկա իրադրության հայելային արտապատկերումն են: Այդ մասին Երեւանում կայացած «Հանդուրժողականությունը զանգվածային լրատվամիջոցներում» կոնֆերանսում հայտնեց Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով, ԶԼՄ հանդուրժողականությունը չի կարելի դիտարկել երկրի գոյություն ունեցող քաղաքական վարչակարգից եւ տնտեսական համակարգից անկախ: «Հայկական լրատվամիջոցների մեծ մասն արտացոլում են քաղաքական կամ տնտեսա-օլիգարխական թեւի դիրքորոշումը: Շատ հաճախ զանգվածային լրատվամիջոցները գրում են այն, ինչ իրենց պատվիրում են: Նրանք խնդիրը դիտարկում են ոչ թե օբյեկտիվության տեսանկյունից, որպեսզի պարզեն պատճառներն ու այդ մասին հաղորդեն հասարակությանը, այլ այն պատվերի տեսանկյունից, որն իրենք ստացել են»,- նշել է Հարությունյանը:

Մեր հասարակության մեջ երկխոսության մշակույթ չկա, եւ մենք դա տեսնում ենք թե' քաղաքական դաշտում, եւ թե' տնտեսության մակարդակով»,- նկատեց Հայաստանի Օմբուդսմենը` ավելացնելով, որ տպագիր մամուլում ի տարբերություն հեռուստատեսության պլյուրալիզմ կա: «Բոլոր հեռուստաալիքները մեկ մոտեցման են հավատարիմ»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը:

Ընդ որում, նա ասաց, որ լրատվամիջոցները պետք է ինքնակազմակերպվեն եւ իրենց հասարակական կազմակերպությունները ստեղծեն: «Եթե դա չանի ԶԼՄ-ն, դա կանի պետությունը: Իսկ պետությունը դա կանի ոչ ամենալավ կերպով»,- նկատեց Օմբուդսմենը:

«Իմ յուրաքանչյուր մամլո ասուլիսից հետո ես փակ աչքերով կարող եմ ասել, թե որ թերթը մոտավորապես ինչպես կներկայացնի իմ խոսքը: Դա արդեն սխալ է»,- նշեց Արմեն Հարությունյանը: