Հայաստանում իրականացվում է «Քսենոֆոբիայի դեմ» նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանում իրականացվում է մի նախագիծ, որի շրջանակներում փաստագրական ֆիլմեր կնկարահանվեն 1988-1992թթ. ժամանակահատվածում ժամանակակից Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի ցեղասպանությունների, զանգվածային բռնության, ջարդերի եւ աքսորի ակտերի մասին:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ նախագահին առընթեր Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի մամլո ծառայությունիցմ, նախագիծն ուղղված է քսենոֆոբիայի դեմ: «Կենտրոնը նախագծին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, ունիկալ տեսանյութեր է տրամադրում, որոնք հավաքվել են ողջ ԱՊՀ տարածքից: Այժմ արդեն կա մոտ 130 ժամ տեսանյութ հայերի կոտորածների ու ջարդերի մասին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարագում, «Օղակ» օպերացիայի, Խոջալուի իրադարձությունների, ինչպես նաեւ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ ռազմագերիների ու պատանդների ճակատագրի մասին»,- ընդգծեցին մամլո կենտրոնում: Կնկարահանվեն նաեւ Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների հանդեպ էթնոցեղասպանության քաղաքականության եւ Բուդապեշտում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին պատմող տեսաժապավեններ:



Բոլոր ֆիլմերը հիմնված կլինեն փաստաթղթերի, արխիվային տեսա- եւ ֆոտոնյութերի, ականատեսների վկայությունների եւ մամուլում տեղ գտած հրապարակումների վրա: Ծրագրվում է ֆիլմերը թարգմանել ռուսերեն եւ անգլերեն, նախատեսված է ցուցադրություն հեռուստատեսությամբ, տեղակայում համացանցում եւ CD վրա:



Առաջին ֆիլմը, որի շուրջ աշխատում են այժմ, նվիրված է 1990թ. հունվարի 13-19 Բաքվում հայերի ցեղասպանությանն ու աքսորմանը: Պրեմիերան կկայանա առաջիկա տարում` Ադրբեջանի հայերի ողբերգության 20-ամյա տարելիցի օրերին:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---