Ալեքսանդր Սոտնիչենկո. Հայաստանը հետաքրքիր դիվանագիտական խաղ է վարում

PanARMENIAN.Net - «Ես բավական կասկածելի եմ համարում, որ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռն անհնար է գտնել Ինտերնետում: Ընդ որում, կարելի է նշել, որ բացասական կողմ է նաեւ այն, որ ՀՀ ՍԴ-ն Արձանագրությունները մեկ փաթեթով է դիտարկել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության Սանկտ-Պետերբուրգի կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ՍԴ որոշումը խարխլում է հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ բանակցությունների էությունն ու նպատակը: Նրա խոսքով, Թուրքիային դուր չեկավ այն, որ Հայաստանի ՍԴ-ն Արձանագրություններն առաջնային ու երկրորդական կետերի բաժանեց: «Անկարայի համար ամենացավոտն այն է, որ ՀՀ ՍԴ-ն առաջնահերթ կետեր է համարել երկրների միջեւ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Միայն այդ երկու կետերի իրականացումից հետո կարելի է իրագործել մնացած բոլոր կետերը»,- նշեց Սոտնիչենկոն` ավելացնելով, որ, փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը հրաժարվում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, քանի դեռ չեն իրականացվել վերոնշյալ կետերը: «Եթե Երեւանը չճանաչի Անկարայի տարածքային ամբողջականությունը, ապա երկրների միջեւ ոչ մի դիվանագիտական հարաբերությունների ու սահմանի բացման մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասաց Սոտնիչենկոն:



Ընդ որում, նա քննադատեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը` ասելով, որ Անկարան պետք է ուշադիր ուսումնասիրեր ՀՀ ՍԴ որոշումը եւ կետ առ կետ մատնանշեր, թե կոնկրետ ինչը դուր չի եկել իրեն:



«Հայաստանը հետաքրքիր դիվանագիտական խաղ է վարում: ՀՀ ՍԴ որոշումը ցույց է տալիս, որ երկիրը պատրաստ է Արձանագրությունների վավերացմանը, եւ ոչ գործընթացի ձգձգման համար մեղավոր է Թուրքիան»,- նկատեց նա` ավելացնելով, որ մյուս կողմից Անկարան կարող է հայտարարել, որ «հնարավոր է, Հայաստանն այլ Արձանագրություններ է դիտարկել, քանի որ փաստաթղթերում առաջնային ու երկրորդական կետեր նշված չեն»: Նրա կարծիքով, Հայաստանը սխալ դիվանագիտություն է վարում Թուրքիայի նկատմամբ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---