Հովհաննես Իգիթյան. Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է հայ-թուրքական հարաբերությունների փաթեթի մի մասը

Հովհաննես Իգիթյան. Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է հայ-թուրքական հարաբերությունների փաթեթի մի մասը

PanARMENIAN.Net -
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դարձել է հայ-թուրքական հարաբերությունների փաթեթի մի մասը: Ըստ իս, Հայաստանում այնպիսի մարդ չի մնացել, որը դա դեռ չի հասկացել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում ինչ-որ սկզբունքների հիման վրա, քանի որ հաշվի չի առնվում ԼՂՀ-ի կարծիքը: Ընդ որում, նա սխալ է համարել այն, որ ՀՀ իշխանությունները արժանի պատասխան չեն տալիս Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հայտարարություններին: Ըստ Իգիթյանի, բանակցային կողմերը օգտվում են եւ միջազգային հանրությանն են ներկայացնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններն այնպես, ինչպես նրանց ձեռնատու է: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ուժեղ են երկրների դիրքերը միջազգային ասպարեզում»,-ասել է Իգիթյանը:



Ընդ որում նա նշել է, որ Ադրբեջանը չի գնում ղարաբաղյան հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով ոչ թե այն պատճառով, որ Հայաստանից թույլ է, այլ որովհետեւ Բաքուն դիվանագիտական առավելություն ունի այս հարցում, որոնք նա կկորցնի պատերազմի վերսկսման դեպքում: «Ադրբեջանը տեսնում է, որ բանակցությունների միջոցով հակամարտությունն իր օգտին է լուծվում»,-ասել է ՀՀՇ վարչության անդամը:



Հայոց համազգային շարժում Հայաստանի հասարակական քաղաքական կազմակերպություն է, լիբերալ-ժողովրդավարական կողմնորոշմամբ: 1991-1998 թ-ին իշխող կուսակցություն էր: 1990 թ-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին կուսակցությունը ստացել է ձայների 36%: Առաջնորդներն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Տեր Հուսիկ Լազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վանո Սիրադեղյանը եւ Արարատ Զուրաբյանը:





Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):



«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---