Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը ժամանում է Հայաստան

PanARMENIAN.Net -
Մարտի 3-4-ը Հայաստան կժամանի Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությունը: Նախագահ Մարթենսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Վ.Մարթենսը նախատեսում է նաեւ հանդիպումներ երիտասարդ քաղաքական գործիչների հետ:



Ինչպես հաղորդում է Հայաստանի Եվրոպական շարժման գրասենյակը, Մարթենսի այցի հիմնական նպատակն է Հայաստանում ներկայացնել իր կողմից հեղինակած «Եվրոպա` ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գիրքը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր կյանքի պատմությունը եւ հիշարժան իրողություններ, որոնք տեղի են ունեցել վերջինիս հետ իբրեւ Բելգիայի Թագավորության Վարչապետ, Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ, Բելգիայի քաղաքացի, կաթոլիկ Քրիստոնեա եւ Եվրոպացի: Մարթենսն իր գրքում ցույց է տալիս թե ինչպես կյանքի տարաբնույթ իրողությունները, զգացմունքները եւ երազանքները կարող են ազդել քաղաքականության վրա: Նա ժամանակակից փիլիսոփայական հոսանքները կապում է գործառնական քաղաքականության հետ եւ մատնանշում բարոյականության եւ բարձր մարդկային արժեքների դերը քաղաքականության մեջ:



Գրքի շնորհանդեսը կազմակերպում է Հայաստանի Եվրոպական Շարժումը: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես կգա Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ելույթ կունենան ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ Դե Լուցենբերգերը: Նախագահ Մարթենսը կներկայացնի իր հեղինակած աշխատությունը եւ Եվրոպայի իր տեսլականը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---