ԼՂՀ ԱԳՆ. Պաշտոնական Բաքուն չի պատրաստվում դասեր քաղել Սումգայիթի դեպքերից

PanARMENIAN.Net -
1988թ. փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները իրենց վայրագությամբ եւ դաժանությամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնությանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության մարմնացումը:Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված Արցախի Հանրապետության (ԼՂՀ) ԱԳՆ հայտարարության մեջ:



«Ցավոք, փետրվարի 27-ից 29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված եւ իրականացված ջարդերը համարժեք քաղաքական եւ իրավաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխավոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլեւ առայսօր բարձր դիրքեր են գրավում Ադրբեջանում: ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին տաբու դնել <<սումգայիթ>> թեմայի վրա` արհեստականորեն մասնատելով հայերի կոտորածը առանձին հանցագործությունների: Այլ կերպ ասած, իրականացված ցեղասպանությունը քողարկվեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտոնական մակարդակով պաշտպանվեցին»,- նշվում է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:



Ինչպես ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը հնարավոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հանրապետության ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ հետագայում նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ծավալումը: «Ջախջախիչ պարտություն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, չի պատրաստվում դասեր քաղել ոչ հեռու անցյալից եւ այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորությունը: Պաշտոնական Բաքվի` ճշմարտության աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ վստահություն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծմանը»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ:



Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---