ԵՄ-ն դրական է գնահատում քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ

ԵՄ-ն դրական է գնահատում քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - 2010թ. Մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի` ԵՀՔ շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին զեկույցները: ԵՄ-ն դրական է գնահատում քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ, որին 2009 թ. ընթացքում նպաստել են քաղաքական և անվտանգության կոմիտեի «Տրոյկայի» մակարդակով Բրյուսելում կայացած նիստերը, ինչպես նաև 2009թ. հուլիսին Տրոյկայի այցելությունը Հայաստան: 2009 թ. ընթացքում Հայաստանը միացել է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 108-ին (Վրաստանը` 97-ին, Ադրբեջանը` 56-ին): Նշվում է նաև, որ Հայաստանն առհասարակ շատ ակտիվ է ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում:

Քաղաքական երկխոսության տեսակետից դրական անդրադարձ է կատարվում նաև ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությանը (ինչը բացակայում է Ադրբեջանի դեպքում):

ԵՄ-ն գտնում է, որ Հայաստանը մեծ քայլ է իրականացրել տարածաշրջանային համագործակցության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչի արդյունքում ստորագրվել են պատմական նշանակություն ունեցող արձանագրությունները, սակայն դրանց վավերացումը ձգձգվում է:

Արձանագրվում են 2008թ ներքին քաղաքական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերը, համաներումը, որը ողջունել է նաև ԵԽԽՎ-ն, ինչպես նաև 2009թ. մարտին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Համաներման դրական գնահատականի հետ մեկտեղ նշվում է, որ որոշ անձինք դեռ մնում են ազատազրկման մեջ:

Զգալի տեղ է հատկացվում օրենսդրական բարեփոխումներին, սակայն ինչպես և նախորդ զեկույցներում, շեշտվում է օրենքների կատարման և կատարելագործման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ 2009 թ. շարունակվել են տեղ գտնել զորակոչվածների, ինչպես նաև ազատազրկման վայրերում և ոստիկանության բաժանմունքներում գտնվողների հանդեպ խոշտանգումների դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները:

Խոսքի և մամուլի ազատության առումով նշվում են օրենսդրական փոփոխությունները և այն, որ չնայած լրագրողների դեմ բռնության արձանագրված դեպքերի թիվը 2009թ. ընթացքում նվազել է, այդ գործերով մեղադրանքներ դեռևս չեն ներկայացվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---