ՀԲ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը պետկառավարման համակարգի արդիականացման գործում

ՀԲ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը պետկառավարման համակարգի արդիականացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` մասնակցելու Համաշխարհային բանկի կազմակերպած միգրացիայի և դրամական փոխանցումների խնդիրների թեմաներով համաժողովին։ Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի եռամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան համատեղ, արդյունավետ աշխատանքի համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքը և հետագա անելիքները։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և ճգնաժամի հետևանքով առաջացած հիմնական մարտահրավերները` մասնավորապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունը և այդ ուղղություներով ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։

Կողմերն առաջնահերթ կարևորել են պետական կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես, հարկային և մաքսային բարեփոխումների իրականացումը։ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեն վերահաստատել է Համաշխարհային բանկի` բարեփոխումների իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---