Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդն աղոթեց 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հոգու հանգստության համար

PanARMENIAN.Net - Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում Ուկրաինայի Հոգևոր առաջնորդ Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վոլոդիմիրը: Այսօր Սպիտակ քաղաքում Գագիկ Ծառուկյանին և միտրոպոլիտ Վոլոդիմիրին դիմավորեցին մեծ ոգևորությամբ և աղ ու հացով: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Սպիտակ քաղաքի ազգաբնակչության հետ հանդիպումը կայացավ Վիկտոր Յանուկովիչի անունը կրող հրապարակում: Հավաքված սպիտակցիներին ողջունեցին Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկոլայ Դեմյանկոն, միտրոպոլիտ Վոլոդոմիրը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Իր խոսքում Գագիկ Ծառուկյանն ընդգծեց Ուկրաինայի հոգևոր առաջնորդի այցի կարևորությունը հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև բարեկամական ու ջերմ հարաբերությունների զարգացման գործում: «Հայ ժողովրդի համար ամենածանր պահերին ուկրաինացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից ավերված մեր երկրին: Այդ գործում իր անուրանալի դերն ունի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այսօր մեզ համար ևս մեկ լրացուցիչ առիթ է շնորհակալության ու երախտիքի խոսքեր ուղղելու մեր բարեկամներին: Մենք դա երբեք չենք մոռանա»,- իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը: Ուկրաինայի հոգևոր առաջնորդը իր օրհնությունը տվեց ժողովրդին և մաղթեց նրանց ապրել արժանապատիվ ու ազնիվ կյանքով: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կողմից Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց պատվո շքանշանով:

Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում Հայ առաքելական և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներն աղոթեցին երկրաշարժի զոհերի հոգու հանգստության համար:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---