Հայաստանի գանդբոլի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը ելույթ կունենա Եվրոպայի առաջնության նախընտրական մրցաշարում

PanARMENIAN.Net - Մարտի 24-ից 27-ը Ռումինիայի Յասսի քաղաքում տեղի կունենա գանդբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության նախընտրական մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Նրա մրցակիցները կլինեն Հոլանդիայի, Իսրայելի հավաքականներն ու առաջնության հյուրընկալողները, հաղորդում է Հայաստանի Գանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականն այս առաջնությանը պատրաստվում է սկսած 2010 թվականի սեպտեմբերից: Հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի խոսքով, թիմում հիմնականում հանդես են գալիս մինչև 16 տարեկան մարզուհիներ: Այժմ Հայաստանում 15 աղջիկ է մարզվում, իսկ ևս 5-ը պատրաստվում են Ֆրանսիայում: Մարտի սկզբին հավաքականը կմեկնի Ֆրանսիա, որտեղ կշարունակի մարզումներն ամբողջական կազմով: Դրանից հետո պարզ կդառնան այն մարզուհիների անունները, որոնք էլ կմեկնեն Ռումինիա:

«Մեր մրցակիցներից մենք ծանոթ ենք Ռումինիայի հավաքականի հետ և գիտենք, որ դա ուժեղ թիմ է: Մեր մարզուհիներն առաջին անգամ են մասնակցելու նման խոշոր առաջնության, և մեր գլխավոր խնդիրը լավ ելույթ ունենալն է: Բոլորը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում մրցաշարին, մեր միակ խնդիրը նրանում է, որ մենք մրցակիցների համեմատ խաղի մեծ փորձ չունենք»,- ասել է հավաքականի մարզիչը:

Առաջնությունից հետո հավաքականը Վրաստան կմեկնի, որտեղ ստուգողական հանդիպումներ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---