Բակո Սահակյան. Անկախությունը մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես

Բակո Սահակյան. Անկախությունը մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր հայերի տոնը` աշխարհի տարբեր ծայրերում: Տոն, որն իրականություն դարձրեց աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հազարամյակների քաղաքակրթություն ունեցող հայ ժողովրդի դարավոր երազանքը` կառուցել իր պետականությունը իր հողի վրա, դաստիարակել սերունդներին իր նախնիների ոգով` միշտ վառ պահելով հայրենի օջախի կրակը: Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ մեր համախմբվածության ու միասնականության շնորհիվ: Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Եվ յուրաքանչյուր հայի պարտքն է` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, անել ամեն ինչ, որպեսզի այդ հաղթանակը կրկնապատկվի ու հավերժանա, որպեսզի հայոց անկախ պետականությունը ամրապնդվի ու զորանա, և մեր ժողովուրդն այսուհետ միայն հաղթանակներ տոնի: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---