ԳԵՐՄԱՆԻԱՅԻ, ՌՈւՍԱՍՏԱՆԻ Եւ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԵՄԱՐՇԻՑ

Պատանդներին փնտրելու միջազգային աշխատանքային խումբը հանդես է եկել բողոքով ղարաբաղյան իրավապաշտպանի դեմ ադրբեջանական հատուկ ծառայությունների հարձակման կապակցությամբ:

Միջազգային կազմակերպությունը բավականին կոշտ գնահատական է տվել Ադրբեջանի պրովոկացիոն դեմարշին, որն ուղղված էր ռազմագերիների եւ պատանդների փոխանակման հարցի շուրջ բանակցությունների վարկաբեկմանը: ՀԻշեցնենք, որ ապրիլի վերջին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների ցուցակը, որոնք, իբրեւ թե մասնակիցն են եղել ադրբեջանական ռազմագերիների խոշտանգումներին եւ սպանություններին: Այդ ցուցակում ներառված էր նաեւ պատանդներին փնտրելու միջազգային աշխատանքային խմբի ղարաբաղյան համակարգող Ալբերտ Ոսկանյանը:
PanARMENIAN.Net - Հատկանշական է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այս քարոզչական քայլը նախաձեռնել էին միջազգային աշխատանքային խմբի անդամների Ստեփանակերտ այցելելու օրը, որտեղ նրանք հանդիպել էին ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարի եւ պետական այլ կառույցների ղեկավարների հետ: Նկատենք, որ Ալբերտ Ոսկանյանը նախկինում մեկ անգամ չէ, որ այցելել էր Բաքու` որպես ռազմագերիներին փնտրելու հանձնաժողովի ներկայացուցիչ, մասնակցել էր պաշտոնական անձանց հետ հանդիպումներին, եւ ոչ ոք նրան դժգոհություն չէր ներկայացրել: Ի դեպ, այդ հանգամանքին ուշադրություն էին դարձրել Բաքվի գրեթե բոլոր թերթերը: Իրենց գործընկերոջ հանդեպ կեղտոտ հարձակումները դատապարտել են Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Բերնհարդ Կլազեն, Սվետլանա Գանուշկինան, Պաաթ Զաքրեիշվիլին, որոնք հատուկ Բաքու են ժամանել իրենց բողոքն արտահայտելու համար: Նրանց ընդունած հայտարարության մեջ անհանգստության առիթ է դարձել Ոսկանյանի դեմ Ադրբեջանի սկսած քարոզարշավը:

Աշխատանքային խմբի համանախագահները ծանոթացել են ադրբեջանական հատուկ ծառայությունների տրամադրած նյութերին, որոնք, իբրեւ թե, վկայում են ադրբեջանցի գերինների հանդեպ ղարաբաղյան իրավապաշտպանի կոպիտ վերաբերմունքի մասին: (Խոսքը 1992թ.-ից մինչեւ 94թ.-ի մասին է, երբ Ոսկանյանը ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ Պետական հանձնաժողովի ղեկավարի տեղակալն էր): Ուսումնասիրելով փաստաթղթերը` Կլազենը, Գանուշկինան եւ Զաքրեիշվիլին հանգել են միանշանակ եզրակացության, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Նրանք նշել են, որ ենթադրվող խոշտանգումների մասին բոլոր վկայություններն ունեն «երկրորդական բնույթ եւ հիմնված են երրորդ անձանց պատմությունների վրա միայն»: Այդիսկ պատճառով նրանց ցուցմունքները չեն կարող հիմք դառնալ Ոսկանյանին հակաիրավական գործողություններին մասնակցելու մեջ մեղադրելու համար:

«Ալբերտ Ոսկանյանին աշխատանքի ընդունելիս` Միջազգային աշխատանքային խումբը հաշվի է առել նրա հետ անձամբ շփումների հինգ տարվա փորձը, գերության մեջ գտնվելու եւ գերությունից հետո զինվորների տրված դրական գնահատականները, ինչպես նաեւ` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության` նրա հետ աշխատելու պատրաստակամությունը: Երբ մենք Ադրբեջանի ԱԱՆ-ին հայտնեցինք Ոսկանյանի հետ համագործակցելու մեր որոշման մասին, ի պատասխան ասվեց, որ նա հենց այն մարդն է, որի օրոք ադրբեջանական գերիների վիճակը բավարար էր»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: Ղարաբաղյան իրավապաշտպանի հետ համագործակցության փուլը նրանք «բավականին արդյունավետ են» անվանել: Միջազգային աշխատանքային խմբի ղեկավարները հիշեցնում են, որ « Ալբերտ Ոսկանյանը որպես ՄԱԽ-ի աշխատակից երկու անգամ այցելել է Բաքու եւ համագործակցել է ռազմագերիների եւ պատանդների փնտրման Ադրբեջանի պետական հանձնաժողովի աշխատակիցների հետ»: «Միթե՞ հանցագործություն կատարած մարդը կգար այստեղ»,- հարցնում են համանախագահները:

Սվետլանա Գանուշկինան իր զայրույթն է հայտնել այն առթիվ, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն առանց հետաքննության եւ դատի Ոսկանյանին հանցագործ անվանելով, նրա լուսանկարը հրապարակել են թերթերում: « Այս հանգամանքը Ոսկանյանի համար բավականին մեծ վտանգ է ներկայացնում: Նրա արտաքինը տեսնելով` արմատական տրամադրված մարդիկ կարող են ճանաչել նրան եւ ինքնադատաստան անել»,- ասել է ռուսական հայտնի իրավապաշտպանը: Միեւնույն ժամանակ, Գանուշկինան հիշեցրել է, որ «միայն դատարանն իրավունք ունի մարդուն հանցագործ ճանաչել, եւ յուրաքանչյուր արտադատարանական մեղադրանք խախտում է անմեղության կանխավարկածը»: Ղարաբաղյան իրավապաշտպանի դեմ սկսած Ադրբեջանի քարոզարշավի խիստ անցանկալի հետեւանքների մասին ակնարկելով` համանախագհներն այդ երկրի ղեկավարությանը տեղեկացրել են, որ «Միջազգային աշխատանքային խումբը մտադիր չէ հրաժարվել Ալբերտ Ոսկանյանի հետ համագործակցությունից»: «Մեզ համար առավել կարեւոր են անհայտ կորածներին փնտրելը եւ գերիների ազատումը, քան` քարոզչությունը»,- հայտարարել են Բերնհարդ Կլազեն, Սվետլանա Գանուշկինան եւ Պաաթա Զաքրեիշվիլին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---