«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԲՌՆԱՊԵՏՈւԹՅԱՆ ԵՐԿԻՐ Է»,

- պնդում է ռուս հայտնի իրավապաշտպան Սերգեյ Կովալյովը:

Քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո երկրի ղեկավարը կդառնա Իլհամ Ալիեւը: Դժվար թե ինչ-որ բան խանգարի իշխանության փոխանցման նեոմիապետական սցենարի իրականացմանը: Բաքվի իշխանավորները չեն պատրաստվում հաշվի առնել ոչ ընդդիմության զանգվածային ելույթները, եւ ոչ էլ համաշխարհային հանրության զարմանքը` կապված ընտրությունների ոչ ժողովրդավարական միջավայրի հետ: Օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են Ադրբեջանում կատարվածն անվանել իր անունով` «Արեւելյան բռնապետություն»: Ադրբեջանում ձեւավորված վարչակարգն այսպես է բնութագրել ռուս իրավապաշտպան, Պետդումայի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ Կովալյովը:
PanARMENIAN.Net - «Այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված չգրված էթիկական նորմերի տեսանկյունից խայտառակություն է»,- օրերս հայտարարել է Սերգեյ Կովալյովը: Իրավապաշտպանի համոզմամբ, Ռուսաստանը եւս պետք է պարտավորություն կրի այն բանի համար, որ հարեւան երկրում հաստատվել է իշխանության տոտալիտար համակարգ: «Ադրբեջանում ժողովրդավարական իրադրության մեջ մեղավոր է նաեւ Մոսկվան, որը Հեյդար Ալիեւի իշխանավարության ընթացքում նրան բարոյական աջակցություն էր ցուցաբերում»,- կարծում է Ռուսաստանի խորհրդարանում «Աջ ուժերի միություն» ֆրակցիայի ներկայացուցիչը: Կովալյովի համոզմամբ, իշխանության բռնապետության առջեւ աչքերը փակելով` Մոսկվան նպաստել է, որ Ադրբեջանում հաստատվի «ժառանգական ավանդույթներով բռնապետություն»:

Սակայն Ադրբեջանի հանդեպ անսկզբունքայնություն են ցուցաբերում ոչ միայն Ռուսաստանում: Սերգեյ Կովալյովը պնդում է, որ այդ հարցում բավարար հետեւողականություն չի դրսեւորել նաեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը: Այդ կառույցի ղեկավարները չպնդեցին, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի օրակարգ մտնի ընտրական քարոզարշավի անցկացման վերաբերյալ հարցը: «Ադրբեջանի նախընտրական իրադրությունն այնպիսին է, որ անհրաժեշտ է այն քննարկել Եվրոպայի Խորհրդի արտահերթ նիստում, ասում է Կովալյովը,- Փոխարենը ԵԽԽՎ-ն որոշում է կայացնում քննարկումը հետաձգել նախագահական ընտրություններից հետո»: Այնինչ, իրավապաշտպանի համոզմամբ, անթույլատրելի է այդ հարցում որեւէ զիջումների գնալ, քանի որ իշխանաության բռնապետերն առավել լկտիանում են: «Այն հարցերում, որտեղ անհրաժեշտ է խստություն դրսեւորել, Եվրոպայի Խորհուրդը եւ եվրոպական այլ կազմակերպություններ գնում են փոխզիջման: Մենք ականատեսն ենք դառնում քաղաքական շահերի առաջնայնությանը կամ քաղաքական նպատակահարմարությանը, որը լրջագույն ետընթաց է Եվրոպայի Խորհրդի հիմնական սկզբունքներից»,- նշում է Սերգեյ Կովալյովը:


Եվրոպական արժեքներին կողմնակցություն հայտնած Ադրբեջանն իրականում, Կովալյովի համոզմամբ, իշխանության ավտորիտար համակարգով երկիր է: «Եթե երկրում միապետություն է, պետք է այդ մասին պաշտոնապես հայտարարել»,- ասում է նա` Բաքվի իշախանավորներին կոչ անելով դադարեցնել համաշխարհային հանրության աչքերը փակելը: «Իրավական տեսանկյունից Ադրբեջանում անթույլատրելի իրադրություն է: Եթե նախագահը ի վիճակի է ղեկավարելու, ապա ինչո՞ւ չի ղեկավարում երկիրը: Եթե ի վիճակի չէ, ապա ինչո՞ւ իր լիազորությունները չի փոխանցում մեկ ուրիշին: Փոխարենը, իր որդուն նա նշանակում է վարչապետ, այնուհետեւ` իշխանութան ժառանգորդ: Ժողովրդավարական երկրում նման բան չի կատարվում»- եզրահանգում է Սերգեյ Կովալյովը: Դժվար է նրա հետ չհամաձայնել..
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---