«ԳՐԱՆՑՎԱԾ ԽԱԽՏՈւՄՆԵՐԸ ՆՈՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈւ ՀԻՄՔԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ»

- հայտարարում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքին հետեւած դիտորդները:

Ադրբեջանում կայացած ընտրությունների ընթացքն ապացուցեց, որ իշխանությանը կառչած վարչակարգի համար ժողովրդավարական արժեքները ոչ մի նշանակություն չունեն: Նման քանակի կեղծիքներ եւ իրավախախտումներ չէին ակնկալում նույնիսկ ամենահոռետես տրամադրված մեկնաբանները: Իրականությունն առավել վատթար եղավ, քան նրանք կանխատեսում էին: Նույնիսկ միջազգային կազմակերպությունների դիվանագիտորեն ձեւակերպված արձագանքները, որոնք փորձում էին Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած ընտրություններին տրված գնահատականներում պահպանել հավասարության սկզբունքը, թույլ են տալիս նկատել, որ Բաքվի իշխանավորները չափն անցել են: Իլհամ Ալիեւի լիգիտիմության մեջ կասկածելու հիմքերը բավականին շատ են:
PanARMENIAN.Net - Ծանոթանանք միջազգային դիտորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների եւ մեծ տերությունների արտաքին գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների գնահատականներին: «Դժբախտաբար, ես հիասթափված եմ», «Ընտրական գործընթացը մի շարք առումներով չէր համապատասխանում միջազգային չափանիշներին», «Այս ընտրություններով բաց թողնվեց ժողովրդավարական ընտրական գործընթաց ապահովելու հնարավորությունը», «Մեզ հատկապես անհանգստացնում է նախընտրական քարոզարշավում թեկնածուների համար ստեղծված վախի եւ անհավասարության պայմանները»: Սրանք մեջբերումներ էին մամլո-ասուլիսում Փիթեր Այքերի ելույթից, որը խոսում էր ԵԱՀԿ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների Բյուրոյի միասնական դիտորդական առաքելության, ԵԱՀԿ խորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անունից: Այքերը մատնանշել է բազմաթիվ խախտումներ. քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ, քվեարկության արդյունքների խեղաթյուրում, ընտրական թերթիկների դուրսբերում ընտրատարածքներից, միեւնույն անձանց քվեարկումը տարբեր տեղամասերում, կողմնակի անձանց ներկայությունը ընտրատեղամասերում, որոնք միջամտել են ընտրական գործընթացին: Նա նշել է, որ «քվեարկությունից հետո, գիշերը մեծ բռնություններ են տեղի ունեցել»: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը չի հիշատակել, որ ինքը նույնպես այդ բռնության զոհն է դարձել: Նրա փոխարեն այդ մասին տեղեկացրին իր գործընկերները: Լեհաստանի դիտորդ Խաննա Գռոզդեցկոյի խոսքերով, Փիթեր Այքերը ծեծվել էր «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության շտաբի վրա Ներքին գործերի նախարարության հատուկ ծառայության գրոհի ժամանակ: Նա նշել է, որ «կոնֆլիկտը հրահրվել էր ռազմական հատուկ նշանակության խմբի կողմից, որին աջակցում էին ոստիկանները»: «Ցուցարարները իրենց զգաստ էին պահում եւ չէին գրգռում մյուս կողմին: Այնպիսի տպավորություն էր, որ կառավարական ուժերը պատերազմում են սեփական ժողովրդի դեմ»,- ասել է դիտորդը: (Ինչպես հայտնի է, բողոքի ցուցի ցրման արդյունքում մարդիկ են զոհվել: Հայտնի է ընդդիմության կողմնակից 51-ամյա Գամիդագի Զախիդովի մահվան պատճառները, որի գանգը ջարդել էին հատուկ նշանակության խմբի աշխատակիցները: «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովի տվյալների համաձայն, զոհվել են նաեւ մի երեխա եւ մեկ ծեր կին: Ցուցարարների ցրումից հետո սկսվել են ընդդիմության առաջնորդների զանգվածային ճնշումները: Ակցիայի ավելի քան 200 մասնակից ձերբակալվել է: Նրանցից շատերը ենթարկվել են գազանային ծեծի, Ոմանց ոտքերը եւ ձեռքերը ջարդված են):

Այքերի գործընկերներն առավել հակված էին խոսելուն: Դիտորդների սերբական խմբի ղեկավար Միլան Ստեֆանովիչը նշել է, որ «բոլոր 124 տեղամասերում դիտորդների կողմից արձանագրված խախտումները հիմք են տալիս նոր ընտրություններ անցկացնելու համար»: Մեկ այլ դիտորդ Իվլիան Խիանդրավան ասել է, որ իր գործընկերները խախտումների եւ կեղծիքների մասին վկայող նյութեր պարունակող չորս արկղ ունեն: Նրա խոսքերով, հայտնի են դեպքեր, երբ «արձանագրությունները տեղամասերից բերվում էին տարածքային հանձնաժողովներ դատարկ վիճակում, որտեղ դրանք լրացվում եւ կնքվում էին փակ դռների ետեւում»: Միաժամանակ նա ցուցադրեց Իլհամ Ալիեւի օգտին կեղծված ընտրաթերթիկ: Իսկ խաննա Գռոզդեցկան հավաստեց, որ ինքը իշխող կուսակցության իրականացրած մի շարք խախտումների ականատեսն է եղել: ԵԱՀԿ առաքելության անդամ Դիլյարա Սեիդվելիեվան հայտնել է, որ «ընտրատեղամասերից մեկում դիտորդները նախագահողի սեղանին հայտնաբերել էին Իլհամ Ալիեւի օգտին արդեն քվեարկած թերթիկների ծրարի կապոց»: Դիտորդ Ահտեմ Չիյգոզը պատմել է, որ քվեարկության ընթացքին հետեւել է 35 տեղամասում: «Բոլոր 35 տեղամասերում էլ տեղի են ունեցել կոպիտ խախտումներ»,- ասել է նա: «Առավել հաճախակի երեւյթներից էր թերթիկները պատահական մարդկանց տալը: Առանց փաստաթղթերի ստուգման, մարդկանց խմբերի բաժանվում էին քվեաթերթիկները: Երբ մենք նշեցինք, որ դա անօրինական է, նրանք ասացին, որ ընտրողները չափից շատ են, եւ փաստաթղթերի ստուգման համար ժամանակ չկա: Մի քանի տեղամասերում տեղական դիտորդներին դուրս են շպրտել: Ընդ որում, երբեմն դա արվել է ոչ թե ոստիկանների, այլ բանդաների միջամտությամբ: Մկանուտ տղաները շրջում էին եւ օր ցերեկով սպառնում»:

Բերված գնահատականները եւ նկատողությունները, բնականաբար, դուր չեն եկել Բաքվի իշխանավորներին: Ադրբեջանի խորհրդարանի նիստի ժամանակ Հեյդար Ալիեւի եղբայր, պատգամավոր Ջալալ Ալիեւը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Փիթեր Այքերին անվանել է «ֆաշիստ»: «Այքերի նմանների համար Ադրբեջանում տեղ չկա»,- ասել է Ալիեւը: Նմանատիպ հայտարարությունը Ադրբեջանի համար նորություն չէ: Ժամանակին այդ երկրի խորհրդարանում կոչեր արվեցին ծեծել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձանախմբի Ադրբեջանի հարցով զեկուցող Անդրեաս Գրոսին, եթե նա համարձակվեր գնալ Բաքու: Սակայն Գրոսը չդադարեց խոսել այն մասին, որ Ադրբեջանում կան բավականաչափ քաղաքական բանտարկյալներ: Ընտրությունների ընթացքին նա անձամբ էր հետեւում: Հոկտեմբերի 15-ի «միջոցառման» վերաբերյալ նրա եզրահանգումները միանշանակ են: «Այս ընտրություններով Ադրբեջանը կորցրեց երկրում ժողովրդավարության հաստատման հնարավորությունը»,- հայտարարել է Անդրեաս Գրոսը: Նա իշխանություններին դատապարտել է նրանում, որ թույլատրել են ընդդիմության ցույցի ցրումը: Նրա խոսքերով, նմանատիպ ոստիկանական ակցիաները «խաթարում են յուրաքանչյուր ընտրական գործընթաց»:

Ընտրություններից չափազանց դժգոհ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղար Վալտեր Շվիմերը: Նա «ծայրահեղ հիասթափություն է» հայտնել, որ «Ադրբեջանը հերթական անգամ բաց թողեց եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու հնարավորությունը»: Շվիմերը դատապարտել է ընտրություններին զուգորդվող բռնությունները եւ իշխանություններին կոչ է արել «գործել պատասխանատվության զգացումով» եւ «անմիջապես սկսել ընդդիմության հետ բանակցությունների վրա հիմնված ժողովրդավարական ռեֆորմների գործընթացը»:

ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի տնօրեն Քրիստիան Ստրոգալը «խիստ անհանգստություն է հայտնել ընդդիմության առաջնորդների եւ ներկայացուցիչների ինքնակամ ձերբակալությունների վերաբերյալ»: Նա մասնավորապես դատապարտել է ընտրական հանձնաժողովների այն անդամների ձերբակալությունները, որոնք հրաժարվել են հաստատել ընտրությունների արդյունքները:

Միացյալ նահանգները կիսում է ԵԱՀԿ-ի գնահատականներն այն մասին, որ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին: Նրա խոսքերով, «ամերիկյան դիտորդները ականատես են եղել ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, ստիպողական քվեարկությանը եւ այլ խախտումներին»: «Մենք նաեւ անհանգստացած ենք ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների առիթով»,- ասել է Ադամ Էրելին: «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած իր պարտավորությունները եւ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը»- հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի նախագահի ընտրություններում լրագրողների հանդեպ կիրառած բռնությունների կապակցությամբ: Այդ իրադարձությունների ընթացքում շատ լրագրողներ ծեծվել են ոստիկանների կողմից»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: (Ինչպես հայտնի է, ընտրությունները լուսաբանող 25 տեղական եւ միջազգային լրագրողներ լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանցից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց): «Հիշեցնում ենք, որ միջազգային հանրության համար ընտրությունների ժամանակ մամուլի ազատությունը այն հիմնական չափանիշներից է, որով ճանաչվում է ընտրությունների լիգիտումությունը»,- ասված է Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարության մեջ:

Այս բոլոր հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ միջազգային հանրությունը մտադիր չէ անտեսել Ադրբեջանի իշխանությունների կողմից ժողովրդավարական հիմնական չափանիշների ոտնահարման դեպքերը: Նույնիսկ ալիեւյան վարչակարգին գնահատականներ տալու մեջ զսպվածություն պահանջող Արեւմուտքի հստակ արտահայտված քաղաքական շահի առկայությունը ի վիճակի չէ ստիպել աչքերը փակել Ադրբեջանում կատարվածի առջեւ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---