ՎՐԱՍՏԱՆՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈւԼԱՆԱՆ

Ապագայում Վրաստանի խորհրդարանում հայերն ավելի քիչ կլինեն, քան այժմ:

Նոյեմբերի երկուսին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կարող են սահմանափակել հայկական համայնքի ազդեցությունը որոշումների ընդունման գործընթացում: Կուսակցությունների եւ դաշինքների ներկայացրած համամասնական ցուցակները հաստատում են, որ երկրի այժմյան իշխող քաղաքական էլիտան հայերին ավելի քիչ ուշադրություն է դարձնում: Սա կարելի է ասել նաեւ որոշ ընդդիմադիր ուժերի մասին, որոնք նախընտրում են տեղեր հատկացնել ադրբեջանցիներին: Նման ընթացքը թույլ է տալիս նկատել, որ Վրաստանի հայկական համայնքն այնքան էլ մեծ շանսեր չունի խորհրդարանում պահպանել ներկայացուցիչների այժմյան քանակը:
PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանում աշխատում է վեց հայ: Նրանցից երեքն ընտրվել է մեծամասնական կարգով Սամցխե-Ջավախեթիայից, մյուսներն անցել էին «Վրաստանի քաղաքացիների միություն» իշխող կուսակցության ցուցակով: Օրենսդիր մարմնի նոր կազմում առայժմ հայերին երաշխավորված է միայն երկու տեղ: Երեք մանդաթ հարցականի տակ է, իսկ եւս երեքը` խիստ կասկածելի: Բանն այն է, որ նախագահ Շեւերդնաձեի ղեկավարած «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը կուսակցական ցուցակում հայերին ընդգրկել է 50-րդ կետից հետո: Նկատի ունենալով իշխանական կուսակցության իրական վարկանիշը` դժվար է վստահ լինել, որ նախագահին կհաջողվի խորհրդարան մտցնել այդքան շատ թվով կողմնակիցներ: Միեւնույն ժամանակ եւ 54-րդ տեղը զբաղեցրած հայկական համայնքի առաջնորդ, 29-ամյա իրավաբան Արնոլդ Ստեփանյանը, եւ 59-րդ համարում ներկայացված պատգամավոր Գիվի Շուգարովն իրենց քաղաքական կարիերայի ողջ ընթացքում հավատարմորեն ծառայել են ոչ միայն վրացական պետությանը, այլեւ` անձամբ նախագահին: Նրանք երկուսն էլ բոլոր հիմքերն ունեին ակնկալել ամենալավ վերաբերմունքը: Էդուարդ Շեւերդնաձեի մեկ այլ նվիրյալի, քաղաքագետ, «Վրաստան» թերթի գխավոր խմբագիր Վան Բեյբուրդի անունն ընդհանրապես չի ընդգրկվել ցուցակում: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Մովսիսյանին, ապա նրան առաջարկված 108-րդ տեղը պարզապես արհամարհանք կարելի է համարել: Սա այնքան էլ զայրացնող չէր լինի, եթե «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված չլիներ 9 ադբեջանցի: Ընդ որում, նրանցից երկուսը զբաղեցնում են անցումային տեղեր: (Մուբարիս Կարաեւը 38-րդ տեղում է, իսկ Դավիթ Ահմեդովը` 50-ում):

Արմատական ընդդիմությունն, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում մեր համերկրացիներին: «Ազգային շարժում-Դեմոկրատական ճակատ» դաշինքի ցուցակում ընդհանրապես հայեր չկան: Եվ սա այն դեպքում, երբ միավորման ղեկավար Միխայիլ Սաակաշվիլուն վրացական ազգայնականները վերագրում են հայկական ծագում եւ մեղադրում են հայամետ քաղաքականություն վարելու մեջ: Նկատենք, որ արմատական ընդդիմության ղեկավարը զգուշությամբ է վերաբերվում ադրբեջանցիներին, սակայն ժամանակին առանձնանում էր շովինիստական հայտարարություններով` անվանելով նրանց «խղճուկ ազգ»: Ադրբեջանցիները ընդգրկված են «Ազգային շարժում» կուսակցության ցուցակի ոչ միայն անցումային տեղերում, այլեւ` դաշինքը ներկայացնող մեծամասնական թեկնածուների շարքում: Այլ քաղաքական ուժերի համեմատ, հայկական համայնքի հանդեպ ուշադիր է խորհրդարանի խոսնակի ղեկավարած «Բուրջանաձե-ժողովրդավարներ» ընդդիմադիր դաշինքը: Ախալքալաքի պատգամավոր Մելիք Ռաիսյանը 24-րդ տեղում է, իսկ Հայկական մշակութային բարեգորածական միության ղեկավար Հենրիխ Մուրադյանը` 29-րդ: Նրանց շանսերը բավականին մեծ են: Հաջողության ավելի քիչ հույս ունի բաթումցի Արմեն Գեւորգյանը, որը զբաղեցնում է Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի ղեկավարած «Ազգային վերածննդի միություն» դաշինքի ցուցակի 40-րդ տեղը: Դաշինքի ցուցակում ներառվել է նաեւ Սաշա Ալեքսանյանը` 55-րդ համարի տակ: Մեծամասնական կարգով ներկայացված թեկնածուներից իրական հնարավորություններ ունի ձեռներեց Համլետ Մկոյանը, որին Նինոց Մինդայի շրջանում աջակցում է իշխող կուսակցությունը: Նրա մրցակից Կոլյա Գրիգորյանը ընտրություններին գնում է «Բուրջունաձե եւ դեմոկրատներ» դաշինքի դրոշի ներքո: Ախալքալաքում իրադրությունն առավել անկանխատեսելի է: Այստեղ կողմնակից են Համլետ Մովսիսյանին, որին հովանավորում է Նինո Բուրջանաձեն, եւ «Հանուն նոր Վրաստանի» միավորման աջակցությունն ունեցող Համլետ Շահբազյանին: Օլիգարխ Գեորգի Թոփաձեի ղեկավարած «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» դաշինքն Ախալքալաքում նույնպես ունի իր թեկնածուն: Դա ձեռներեց Մերուժան Եզոյանն է: Անկուսակցականներ Անաստաս Կոսյանը, Արթուր Երեմյանը եւ Սերգեյ Պողոսյանը առաջադրված են նախաձեռնող խմբերի կողմից: Երաշխիքներ չկան, որ բազմազգ Ցալսի շրջանում կընտրվի հայ: Այժմ այդ շրջանը խորհրդարանում ներկայացնում է «քաղաքացիների միություն» կուսակցության անդամ Յուրի Խեչոյանը: Ընտրություններին նրա հետ կմրցակցեն Հայկ Մելթոնյանը, Վան Բեյբուրդը, Արմեն Կարագյոզյանը, Աղասի Գեւորգյանը, ինչպես նաեւ` երկու վրացի թեկնածու եւ մեկ հույն: Հայերի հետ մրցակցելը ամենավերջին խնդիրը պետք է լինի: Սա գիտակցելով` Բայբուրդը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել մանդաթից: «Ես առաջինը կհանեմ իմ թեկնածությունը: Ծայրահեղ դեպքում, երկու հայերի մրցակցությունից մենք կարող ենք զրկվել այդ տարածքից հայ պատգամավոր ունենալու հանարավորությունից»,- ասել է նա:

Այսպիսով, ստեղծված իրավիճակը թույլ է տալիս նկատել, որ հայկական համայնքի համար այնքան էլ հեշտ չի լինի պահպանել այն դիրքերը, որ ուներ մինչ այժմ: Եւ սա լուրջ դատողությունների առիթ է տալիս:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---