ՋԱՎԱԽՔՈՒՄ 60 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 100 ԱՆԳԱՄ

Ընդամենը երկու ամիս առաջ Վրաստանի հայաբնակ շրջաններում նորընտիր նախագահն ուներ մի քանի հարյուր կողմնակից:

«Ջավախքի հայերը համակրում են Միխայիլ Սաակաշվիլուն եւ նրա հետ մեծ հույսեր են կապում»,- ամփոփելով կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքները` հայտարարել է Վրաստանի Ախալքալաքի շրջանային խորհրդի նոր ղեկավար Արթուր Երեմյանը: Միաժամանակ, դատելով իրադարձությունների ընթացքից, ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Բավարար հիմքեր կան կասկածի տակ դնելու հայ ընտրողների անկեղծությունը:
PanARMENIAN.Net - Վրացահայերի բացարձակ մեծամասնությունն, իսկապես, քվեարկել է Սաակաշվիլու օգտին: Սակայն եթե համեմատենք քվեարկության արդյունքները նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, ապա բավականին տարօրինակ պատկեր կստանանք: Հունվարի 4-ին հայաբնակ Սամցխե-Ջավախեթիայում Սաակաշվիլին հավաքել է 100 անգամ ավելի ձայն, քան նոյեմբերի 2-ին: Միխայիլ Սաակաշվիլու կուսակցությունը Ջավախքում պարտվել էր` հավաքելով մեկ տոկոսից պակաս ձայն: Միաժամանակ, նախագահի թեկնածու Սաակաշվիլու օգտին քվեարկել է հայաբնակ շրջանների բնակիչների 97 տոկոսը: Խնդիրն անգամ Սաակաշվիլու անձի հետ կապված չէ: Ենթադրենք, հայ ընտրողը քվեարկել է ոչ թե անձամբ Սաակաշվիլու օգտին, այլ` ազգային շարժումը ղեկավարող անձի: (Ի տարբերություն «Ազգային շարժում» կուսակցության, «Բուրջանաձե- ժողովրդավարներ» դաշինքը կարողացել էր ձեռք բերել հայերի աջակցությունը): Նոյմեբերի 2-ին հայերի բացարձակ մեծամասնությունն արտահայտվել էր Էդուարդ Շեւերդնաձեի եւ Ասլան Աբաշիձեի կուսակցությունների օգտին, իսկ երկու ամիս անց նրանք, գրեթե միաձայն, ընտրում են ընդդիմության ղեկավարին:

Առաջին հայացքից պարադոքս է ստացվում: Իրականում հայ ընտրողի «անսկզբունքայնության» պատճառը բավականին չարչրքված է: Ախալքալաքի եւ Նինոցմինդայի բնակիչները ցանկացած իշխանության հանդեպ մշտապես լոյալ են տրամադրված եղել: Ընդ որում, նույնիսկ այն իշխանության հանդեպ, որն ամենադաժան միջոցներով ոտնահարել է նրանց քաղաքացիական իրավունքները եւ ազգային արժանապատվությունը: (Խոսքը Զվիադ Գամսախուրդիայի վարչակարգի մասին է): Եթե թիֆլիսահայերն իրենց բազմակարծություն են թույլ տալիս, ապա ջավախքցիների համար դա անթույլատրելի շքեղություն է: Ամեն գնով իշխանությանը հավատարմություն ցուցաբերելու` ջավախահայերի ձգտումը նրանց անպաշտպանվածության հետեւանքն է: Շրջանի բնակիչները զգուշանում էն, որ եթե իշխանությունները կասկածի տակ դնեն իրենց հավատարմությունը, ապա մայրաքաղաքում հակահայկական տրամադրվածություններն անմիջապես կմեծանան: Ինչո՞ւ գրգռել իշխանությանը..

Լրագրողների հետ զրույցում Միխայիլ Սաակաշվիլին արդեն հայտնել է իր անհանգստությունը` կապված ընտրողի վախեցած միաձայնության հետ, որը հիշեցնում է այն տարիները, երբ առանց մրցակիցների թեկնածուները հավաքում էին ձայների 99.9 տոկոսը: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների Ջավախքում գրանցված հսկայական տարբերությունը, ենթադրվում է, որ մտածելու տեղիք պետք է տա նորընտիր նախագահին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---