ԿՐԿԻՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՕՍԵԹՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ղարաբաղը ռազմական օգնություն ցուցաբերելու ոչ մի պարտավորություն չունի Ծխինվալիի հանդեպ:

Հարավային Օսիայի իրադրության վերահսկման կորցնելու վտանգը չի կարող անհանգստություն չառաջացնել պաշտոնական Երեւանում եւ Ստեփանակերտում: Թբիլիսիի եւ Ծխինվալիի միեջ կտրուկ սրված հակամարտությունը կարող է բացասական ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունները նույնպես չեն շտապում ողջունել վրաց-օսեթանական հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը: Բաքվում վստահ չեն, որ նոր պատերազմի ծավալման արդյունքում այն նախադեպը կստեղծվի, որը հնարավոր կլինի ներկայացնել որպես տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջող տարբերակ:
PanARMENIAN.Net - Ամեն դեպքում, ակնհայտ է, որ եթե Հարավային Օսիայի դեպքերը վերածվեն լայնածավալ ռազմական գործողությունների, ապա ադրբեջանցիների մոտ եւս կակտիվանա ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու հնարավորության հանդեպ հետաքրքրությունը: Ադրբեջանական «բազեների» ձայներն առավել բարձր կհնչեն: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք Բաքվի ղեկավարները կկարողանան բացատրել համերկրացիներին, որ Օսիայի եւ Ղարաբաղի ռազմական ուժերն անհամեմատելի են, ինչպես նաեւ լիովին տարբեր է մեծ տերությունների վերաբերմունքը այդ երկու հակամարտությունների հանդեպ: Եթե Օսիայի դեպքում միջազգային հանրությունը հնարավոր է աչքերը փակի Վրաստանի ռազմական գործողությունների առաջ, ապա Ղարաբաղի դեպքում լրիվ այլ է: Միջնորդները մեկ անգամ չէ, որ նշել են, թե համեմատության եզրեր չկան Օսիայի հետ, որը, համաձայն նրանց տեսակետի, պետք է վերադարձվի Վրաստանին, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի կողմերի փոխզիջումների արդյունքում:

Վերջին շրջանում որոշակի ուժեր կրկին փորձում են հայերին ներգրավել վրաց-օսեթական հակամարտության մեջ: Հակամարտությանը հայերի մասնակցության անխուսափելիության մասին խոսակցության վերսկսման փաստարկ են բերում իբրեւ թե Հարավ Օսիայի եւ ԼՂՀ-ի ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը: Իսկապես Ստեփանակերտը կապեր ունի Ծխինվալիի հետ, սակայն չճանաչված պետությունների կարգավիճակի շրջանակներում: Ռազմական համագործակցություն երբեւէ չի եղել երկու մայրաքաղաղաքների միջեւ: Վրացական նախկին ավտոնոմիայի ռազմական պաշտպանության հարցում ղարաբաղցիները ոչ մի պարտավորություն չեն վերցրել: Ժամանակին առաջարկվել է ստեղծել չորս չճանաչված պետությունների ռազմա-քաղաքական ալիանս, սակայն ԼՂՀ-ի ղեկավարությունն անմջապես մերժել է այն: Այնուհանդերձ, Ծխինվիլիիում չեն հրաժարվում ղարաբաղցիներին հակամարտության մեջ ներքաշելու փորձերից: «Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի հետ բացի սերտ բարեկամական հարաբերություններից, միմյանց օգնություն տրամադրելու պայմանավորվածություն ունենք, այդ թվում եւ` ռազմական»,- օրերս Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին: Սակայն, նման պարտավորություններն ամրագրող որեւէ փաստաթուղթ նա չի հիշատակել: Ղարաբաղում շատերն են համակրում եւ ցավակցում օսեթներին, սակայն ուրիշի պատերազմում չեն պատրաստվում կռվել: Միաժամանակ ղարաբաղցիները երբեւէ չեն մեղադրել օսեթներին այն բանում, որ ժամանակին նրանք հայերի կողմից չեն կռվել Ադրբեջանի դեմ:

Ծխինվալիի իշխանությունները հակավրացական գործողությունների մեջ են ներառում նաեւ չճանաչված պետության փոքրաքանակ հայ համայնքի ներկայացուցիչներին: Մասնավորապես տեղի հայերի առաջնորդներին ներկայացնում են որպես Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու ակտիվ կողմնակիցներ: Վերջերս Ծխինվալիում տեղի ունեցած բազմաքանակ ցույցի հեղինակները որոշել էին, որ Միխայիլ Սաակաշվիլու հասցեին առավել կոշտ արտահայտություններով պետք է հանդես գան վրացիներն ու հայերը: «Կամավորներ» գտան: Որոշումը կյանքի կոչվեց:

Միաժամանակ վրացիները նույնպես նման ռազմավարություն են ընտրել` օսեթների եւ աբխազների դեմ տրամադրելով բոլոր ազգային փոքրամասնություններին: Բարեբախտաբար, այս անգամ վրացական հատուկ ծառայությունները հրաժարվեցին Սուխումիում վերջերս կիրառած սցենարից. ներգրավել տեղացի հայերին Սաակաշվիլու օգտին կայացած ցույցում: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նման սադրանքները չեն վերագործարկվի, եւ արդյունքում մեր հայրենակիցների անվտանգությունը վտանգի տակ կդրվի: Եվ պաշտոնական Երեւանը, եւ Ղարաբաղի իշխանությունները, կարծում ենք, պետք է ջանքեր գործադրեն կանխելու հայերին չեզոքության վիճակից հանելուն ուղղված հակամարտության երկու կողմերի փորձերը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---