ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ

Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ ամենեւին էլ դեմ չէ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը Բաքվում ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառմանը:

Ադրբեջանի քաղաքական ուժերը միանշանակ չեն ընդունել նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որով նա կոչ է արել հայրենակիցներին հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելու են Բաքվում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Վարդագույն ճանապարհ» սեմինարին: Մասնավորապես, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» առաջնորդները հայտարարել են, որ չնայած իշխանության որոշմանը, ամեն ինչ կանեն, որպեսզի արգելեն հայերի մուտքը Բաքու:
PanARMENIAN.Net - Նշանակում է արդյո՞ք, որ Ադրբեջանի իշխանությունները հայերի ժամանման վերաբերյալ արդեն տվել են իրենց համաձայնությունը: Չէ որ զորավարժություններից առաջ իշխանությունները նույնպես հավաստիացնում էին, թե հայերին հնարավորություն կտրվի մասնակցել միջոցառմանը: Ենթադրվում է, որ այս անգամ նախագահի ելույթը վկայում է վերջնական որոշում կայացրած լինելու մասին: Այժմ իրադրությունն այլ է: ՆԱՏՕ-ի «Համագործակցության լավագույն ջանքեր-2004» զորավարժությունների հետաձգումից հետո Ալիեւը լուրջ խնդիրներ ունեցավ: Աղմուկը բավականին բարձր էր, որպեսզի այդ ամենից հետո Ադրբեջանի ղեկավարը կրկին որոշեր դեմ գնալ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարների կամքին: Հատկանշական է, որ հայերին ընդունելու պատրաստակամության մասին հայտարարությունն արվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Բաքու ժամանելուց անմիջապես հետո: Սեմինարի աշխատանքներին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը քննարկվել է Սխեֆֆերի եւ Ալիեւի միջեւ կայացած զրույցի ընթացքում, եւ կասկած չկա, որ գլխավոր քարտուղարը հարցը շատ խիստ է դրել: Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին դեռ չի փոխհատուցել չկայացած զինավարժությունների կազմակերպման ծախսերը: Այնպես որ Բրյուսելը Բաքվի վրա ազդելու բավականաչափ լծակներ ունի:

Ադրբեջանի իշխանություններն արդեն հորինել են առասպել, որը թույլ կտա բնակիչներին բացատրել, թե ինչու հայերին չէր կարելի մասնակցել ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան զինավարժություններին, իսկ նոյեմբերին արդեն կարելի է: Որպես փաստարկ է ներկայացվում այն, թե զինավարժություններին պետք է մասնակցեին զինվորականներ, իսկ սեմինարին` քաղաքացիական անձինք: Իբրեւ թե, մի բան է «գրավված տարածքների» սպան, մի ուրիշ բան` քաղաքական գործիչը: Հայրենակիցներին Իլհամ Ալիեւը հիշեցրել է, որ նախկինում էլ շատ անգամներ են հայ քաղաքական գործիչները ժամանել Բաքու, մասնավորպաես` վարչապետը: Արդյունքում ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունեցել: Այդ իսկ պատճառով, նախագահը ՆԱՏՕ-ի սեմինարին Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների մասնակցությունը լիովին ընդունելի է համարում: Այս նույն կարծիքն է նախօրեին հայտնել նաեւ միլի մեջլիսի խոսնակ Մուռտուզ Ալեսկերովը:

Այժմ արդեն դժվար է կասկածել, որ Հյուսիատլանտյան դաշինքի կազմակերպած միջոցառմանը հայ պատգամավորների մասնակցության հարցն արդեն լուծված է: Մնում է ճշտել միայն ընթացակարգային մանրամասները: Արդյո՞ք պատգամավորները, ինչպես եւ նախորդ անգամ, անցագրային վիզաներ ստանալու համար պետք է դիմեն Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն: Նշենք, որ մինչ վերջերս, երբ Հայաստանի ներկայացուցիչները մեկնում էին Բաքու, վիզա ընդհանրապես չէր պահանջվում: 1999 թ-ին Բաքվում ՏՐԱՍԵԿԱ-ի կազմակերպած քննարկմանը մասնակցած վարչապետ Արմեն Դարբինյանից ոչ ոք մուտքի թույլտվություն չէր պահանջել: Սակայն այս անգամ պաշտոնական կարգը կպահպանվի: Ամենայն հավանականությամբ, հայ պատգամավորներին կխոստացվի մուտքի վիզա տրամադրել հենց Բաքվի օդակայանում, ուր նրանք կժամանեն Թբիլիսիից: Ամեն դեպքում Պաշտպանության, արտաքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնախմբի նախագահ Մհեր Շահգելդյանը եւ նրա գործընկերներ Ալեքսան Կարապետյանն ու Արթուր Պետրոսյանը պատրաստ են մեկնել Բաքու:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---