ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Կառավարության առաջարկած բարեփոխման արդյունքում շատ հայկական գյուղերի բնակիչներ կհայտնվեն կախյալ վիճակում ադրբեջանցի չինովնիկներից:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգայդելին մտադիր է հասնել տեղական ինքնակառավարման ստորին մարմինների լուծարմանը: Կառավարության ղեկավարը կարծում է, որ գյուղական եւ ավանների համայնքները, որոնք Վրաստանում անվանվում են «Սակրեբուլո», պետք է վերացնել եւ պահպանել միայն շրջանային խորհուրդները: Այս նախաձեռնության մասին Նոգայդելին հայտնել է խորհրդարանի նիստի ժամանակ` ներկայացնելով կառավարության առաջիկա գործունեությունը: Գործադիր իշխանության ղեկավարի մտադրությունը զայրույթ է առաջացրել խորհրդարանական ընդդիմության, տեղական ինքնակառավարման մարմինների Ասոցիացիայի եւ երկրի ազգային համայնքների մոտ: Նոր վարչապետի գաղափարներն անհանգստացնում են նաեւ վրացահայերին
PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի «Աջ ընդդիմություն. Արդյունաբերողներ-Նորեր» դաշինքը կտրականապես դեմ է կառավարության առաջարկած բարեփոխմանը` պնդելով, որ գյուղական եւ ավանների համայքների լուծարումը «հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, «Ինքնակառավարման մասին» Եվրոպական խարտիայի պահանջներին եւ ոտնահարմում է մարդու իրավունքները»: Սակայն, ընդդիմադիրները մոռացել են հիշատակել, մեր կարծիքով, խիստ կարեւոր փաստ, որը կապված է ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ: Առաջարկվող բարեփոխման արդյունքում աննախանձելի վիճակում կհայտնվեն ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի շրջանի մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչները: Ասենք, Շահումյանի ավանում բնակվող հայը որեւէ վարչական խնդրի լուծման համար ստիպված պետք է լինի գնալ Մառնեուլի շրջկենտրոն չինովնիկ-ադրբեջանցու մոտ: Դժվար է հուսալ, որ վերջինս մշտապես օբյեկտիվ կլինի` հայի հետ գործ ունենալիս: Վերջին շրջանում երկրամասում նկատելիորեն թուլացել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առկա լարվածությունը, սակայն չի վերացել: Նույն Շահումյան ավանում, որը բոլոր կողմերով շրջապատված է ադրբեջանական գյուղերով, բոլորն են հիշում, որ 90-ականների սկզբին նրանց հաջողվեց պայքարել հայրենի հողում բնակվելու իրավունքի համար միայն ինքնապաշտպանական ջոկատի խիզախության շնորհիվ: Այժմ նրանք ստիպված պետք է լինեն հույսները դնել այն մարդկանց քաղաքացիական խղճի վրա, ում հետ կռվել են: Ընդ որում, խնդիրներ կարող են ծագել ոչ միայն ազգային թշնամանքից: Դժվարություններ կարող են լինել պարզապես միմյանց լեզուների չիմացությունից: Այդ իրավիճակում առավել ճիշտ ճանապարհը կլիներ գյուղական խորհուրդներին լրացուցիչ լիազորություններ տալը, եւ ոչ` դրանց վերացումը:

Տեղական ինքնակառավարման մարմինների լուծարումն առավել անպաշտպան կդարձնի այն շրջանների հայկական գյուղերի բնակիչներին, որտեղ հայերը մեծամասնություն չեն կազմում, եւ որպես հետեւանք` բնակիչների արտագաղթը կլինի: Որոշ իմաստով սա կարող է վերաբերվել նաեւ Ախալցխայում եւ Ծալկայում բնակվող մեր հայրենակիցներին, քանի որ այս շրջաններն ունեն վրաց-հայկական եւ վրաց-հունական բնակչություն: Արդարացի լինելու համար հարկ է նշել, որ դժվարություններ կարող են ծագել նաեւ Ախալքալաքի շրջանի վրացական եւ սվանական բնակատեղերի բնակիչների մոտ, քանի որ շրջանի բնակչության 91 տոկոսը հայեր են: 90-ականների սկզբին այստեղ բնակություն հաստատածները ժամանակ առ ժամանակ լարված հարաբերություններ են ունենում շրջանային իշխանությունների հետ: Լավ է, որ մինչ այժմ նրանց հետ հարաբերվելու առիթներ քիչ են եղել: Այսուհետ նման առիթներ ավելի հաճախ կլինեն:

Ակնհայտ է, որ Վրաստանում տեղի է ունենում իշխանության կենտրոնացում: Գյուղական եւ ավանների ինքնակառավարման մարմինների լուծարումն ամենեւին էլ չի ուժեղացնի շրջանային իշխանությունը: Կենտրոնից նշանակվող եւ բնակիչների կողմից չվերահսկվող գյուղական ավագանին լիովին կախվածության մեջ է գտնվելու մարզային իշխանությունից: Իսկ այստեղ ազգային քաղաքկանության հասկացությունը երբեմն խիստ յուրօրինակ է լինում: Շատ բան է ասում, օրինակ հետեւյալ փաստը. եթե հավատանք ռուսական REGNUM լրատվական գործակալությանը, Սամցխե-Ջավախեթիայում մինչ վերջերս մարզային վարչակարգի 34 աշխատակիցներից միայն մեկն էր հայ: Սա այն դեպքում, երբ մարզում հայերը կազմում են բնակիչների 50 տոկոսը:

Վարչապետի առաջարկած բարեփոխումը Վրաստանում շատ հակառակորդներ ունի: Ընդդիմադիրները նշում են, որ Զուրաբ Նոգայդելիի առաջարկը հակասում է «Ազգային շարժում» իշխող կուսակցության առաջնորդների խոստումներին: Մեկուկես տարի առաջ, երբ Շեւարդնաձեի վարչակարգն առաջարկեց մի օրինագիծ, որով նախագահին իրավունք էր վերապահվում գյուղական ավագանուն նշանակել գյուղական խորհրդի անդամ չհամարվող անձանց, «Ազգային շարժումը» դա անվանեց ժողովրդավարության ոտնահարում: Այդ ժամանակ խորհրդարանի «Ազգային շարժում» դաշինքի ղեկավար Քոթե Քեմուլարիան հայտարարեց, թե իշխանության գալու դեպքում իր կուսակցությունը կպնդի ավագանու ընտրությունը քվեարկության միջոցով անցկացնելում: Այժմ պարոն Քեմուլարիան զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, եւ ոչինչ նրան չի խանգարում կատարել իր խոստումը: Սակայն դրա փոխարեն իշխանությունը, չգիտես ինչու, նախաձեռնում է մի օրենք, որն ավելի է սահմանափակում տեղական ինքնակառավարումը: «Վարդագույն հեղափոխության» կարգախոսները Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տվեցին հուսալ նոր ղեկավարների այլ պահվածք...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---