ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵն ԱԶԴԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

Ստեփանակերտում հուսով են, որ Մոլդովայում կհաղթեն ուժերը, որոնք հակված են երկխոսություն սկսել Մերձդնեստրյան չճանաչված պետության հետ:

Կիրակի Մոլդովայում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի ղեկավարությունը մի քանի պատճառ ունի հատուկ հետաքրքրություն ցուցաբերել այդ երկրի քաղաքական գործընթացներին: Դրանցից առաջինն այդ տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության հետ շատ ընդհանուր գծեր ունեցող հակամարտության առկայությունն է: Մեզ համար ամենից կարեւորն այն է, թե խորհրդարանական ընտրություններն ինչպես կազդեն մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացի վրա: Մեկ այլ ոչ կարեւոր հանգամանքն էլ այն է, թե արդյոք «թավշյա հեղափոխության» ալիքը կծածկի՞ Մոլդովան: Եթե Թբիլիսիից եւ Կիեւից հետո իշխանափոխություն տեղի ունենա նաեւ Քիշինեւում, հայ ընդդիմադիրների մոտ իհարկե կավելանա հաստատակամությունը:
PanARMENIAN.Net - Վրաստանում եւ Ուկրաինայում հեղափոխություններ հրահրած Արեւմուտքը Մոլդովայի հանդեպ ավելի քիչ ուշադրություն է ցուցաբերում: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Բրատիսլավիայի իր ելույթում հիշատակել է Մոլդովան` խոսելով այն երկրների մասին, որտեղ մոտ ժամանակներս պետք է հաղթանակի ժողովրդավարությունը: Սակայն նրա խոսքերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Բանն այն է, որ քիշինեւյան այժմյան վարչակարգն առավել բավարարում է Արեւմուտքին, քան Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով էլ Միացյալ նահանգներն այնքան շատ պատճառներ չունի Մոլդովայում հեղափոխություն հրահրելու համար: Ըստ էության, Քիշինեւում «թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել դեռեւս այն ժամանակ, երբ ռուսամետ կոմունիստ Վլադիմիր Վորոնինն իր քաղաքականությունը վերանայեց Եվրամիության ուղղությամբ: Նախագահի արեւմտամետ քաղաքականությունը առավել հստակ դրսեւորվեց, երբ մոլդովական իշխանությունները հրաժարվեցին Մոսկվայի կողմից առաջարկված Մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանն ուղղված «Կոզակի պլանից»:

Վարոնինի կարծիքով, ամերիկացիները պարտավոր են գնահատել ամեն ինչում Մոսկվային հակադրվելու իր ձգտումները: Այդ հարցում հաստատակամություն դրսեւորելու դիմաց Վաշինգտոնը հրաժարվեց Քիշինեւ ուղարկել իր քաղաքական տեխնոլոգներին տեղի ընդդիմադիրներին հեղափոխության իրականացման արվեստն ուսուցանելու համար: Վրացական «Կմառի» «հեղափոխական» կազմակերպության գործիչներին հրահանգվել էր անմիջապես թողնել Մոլդովան: «Կմառիի» ղեկավար Թեա Թութբերիձեն շտապեց հայտարարել, որ իր տղաները Քիշինեւում անելիք չունեն, եւ անմիջապես վերադարձավ տուն: Նրա փոխարեն Մոլդովա շտապեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, սակայն լրիվ այլ առաքելությամբ: Նա եկել էր ոչ թե հեղափոխություն հրահրելու, այլ` ընդհակառակը, այն հանգցնելու համար: Գուցե տարօրինակ թվա կոմունիստ Վորոնին աջակցելը, եթե նկատի ունենանք այն փաստը, որ ոչ վաղ անցյալում Սաակաշվիլին, խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել էր Վրաստանում կոմունսիտական կուսակցության գործունեության արգելման անհարաժեշտության մասին: Սակայն գաղափարախոսությունը մշտապես էլ երկրորդ պլան է մղվում, երբ բանը հասնում է գլոբալ աշխարհաքաղաքական շահերին:

Մոլդովական առաջնորդին աջակցել է նաեւ Ուկրաինայի նախագահը, որը նրան ջերմ ընդունելության է արժանացրել Կիեւում: Սաակաշվիլի-Յուշչենկո-Վորոնին «եռյակ միության» ձեւավորումն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր շահերը: Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի մերձեցումը նշանակում է, որ ՎՈՒՈՒԱՄ կառույցում ձեւավորվում է «առավել առաջատար» պետությունների ոչ պաշտոնական նոր միություն: Մեզ համար կարեւոր է, որ այդ միությունը չի ներառում Ադրբեջանը: Սակայն մյուս կողմից խիստ վտանգավոր է այն, որ «եռյակ միության» նախաձեռնողների մտադրությամբ արդյունքը պետք է լինի «ԱՊՀ մերձսեւծովյան գոտու» միավորումը Եվրամիությանը: Մինչ այժմ եվրոպացիները Հարավային Կովկասը դիտում էին որպես ամբողջական միավոր: Եվրոպական բոլոր գլոբալ ծրագրերում Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը մասնակցում են որպես հարավկովկսայան տարածաշրջանի հիմնական մաս: Այժմ նոր միտում է նկատվել` եվրոպացիները սկսել են առանձնացնել «մերձսեւծովյան տարածաշրջանը»` Վրաստանը Կովկասի երկրներից առանձին դիտելով: Մոլդովայի ընտրություններում արեւմտամետ ուժերի հաղթանակը կարագացնի երեք մերձսեւծովյան պետությունների մերձեցումը եւ կամրապնդի Եվրամիության լիիրավ անդամ դառնալու նրանց հավակնությունները: Մոլդովացիներին «վստահելի ընկերոջ» կարգավիճակում ընդունելու` եվրոպացիների քայլը հակասում է Երեւանի շահերին, քանի որ կարող է դանդաղեցնել եվրոպական կառույցներին մեր երկրի ինտեգրման գործընթացը: Հայաստանին առավել շահավետ կլիներ, եթե Քիշինեւն առայժմ մնալ Մոսկվայի ազդեցության տակ: Այս իմաստով, մեզ համար շահավետ կլինի, որ խորհրդարանում ձեւավորվի ռուսամետ հզոր ընդդիմություն:

Մոլդովայում ռուսական քաղաքական տեխնոլոգների կողմից իրականացվող սցենարը հնարավորություն կտար արագացնել մերձդնեստրյան խնդրի կարգավորումը: Մոսկվայի աջակցությունն ունեցող քաղաքական ուժերի հաջողության դեպքում հնարավորություն կստեղծվի վերադառնալ այսպես կոչված «Կոզակի պլանին», որը նախատեսում է հորիզոնական կապերի հաստատում Քիշինեւի եւ Տարիսպոլեմի միջեւ: Սա հետարքրական տարբերակ է նաեւ մեզ համար, քանի որ դրա կիրառման արդյունքում կարող է շատ կարեւոր նախադեպ ստեղծվել: Հիշեցնենք, որ «Կոզակի պլանը» հիմնված է «միասնական պետության» սկզբունքի վրա, որը ժամանակին քննարկվել էր նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում: Այդ տարբերակին հավանություն էին տվել Երեւանը եւ Ստեփանակերտը, սակայն Բաքուն մերժել էր այն: Այս իմաստով, խորհրդարանում ռուսամետ ընդդիմության ամրապնդումը կարող է շահավետ լինել Հայաստանի համար, քանի որ կնպաստեր Մոլդովայի իշխանությունների եւ Մերձդնեստրյան չճանաչված պետության ղեկավարի միջեւ անմիջական երկխոսության հաստատմանը: Իսկ որքան շատ լինի չճանաչված պետությունների հանդեպ լոյալ վերաբերմունքը, այնքան ավելի ամուր կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետության դիրքը:

Մոլդովայում կոմունիստների հաղթանակը մեզ համար օգտակար կարող է լինել նաեւ մեկ այլ տեսանկյունից: Ինչպես հայտնի է, նախագահ Վորոնինը կողմնակից է խաղաղարար գործողության նոր ձեւաչափին` հիմնված կոսովոյան սխեմայի վրա: Նա կոչ է անում, որպեսզի համաձայնության պահպանման երաշխավորները լինեն տարբեր խաղաղարար ուժեր, որոնց կազմում ներկայացված կլինեն թե ռուսական, թե նատոյական զինվորականները: Խաղաղարար ուժերի տեղակայման մասին խոսակցությունները վաղ թե ուշ առաջ կգան նաեւ Ղարաբաղի դեպքում: Խաղաղարար ուժերի կազմում ամերիկացիների ներառումը, բնականաբար, տհաճություն կպատճառի ռուսներին: Հնարավոր է, այդ խնդրի լուծումն ավելի քիչ ցավոտ կլինի, եթե արեւմտյան եւ ռուսական զինվորականների համագործակցությունը փորձարկված լինի Մերձդնեստրում:

Ամեն դեպքում, պետք է նկատի ունենալ, որ ընտրությունների արդյունքները դժվար թե արմատական փոփոխություններ առաջացնեն: Կիրակի Մոլդովայում ընտրելու են ոչ թե նախագահ, այլ` խորհրդարան: Այնպես որ բացառված չէ, որ «թավշյա հեղափոխությունը» տեղի կունենա ոչ թե Քիշինեւում, այլ` Բաքվում: Այդ հեռանկարն առավել իրական է դարձել Ջորջ Բուշի եւ ուկրաինական «հեղափոխականների» առաջնորդ Վլադիսլավ Կասկիվի հանդիպումից հետո, որին ամերիկյան նախագահը օրհնել է «Ադրբեջանում ժողովրդավարական շարժմանն աջակցելու» համար:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---